Դատարանը մինչև հունվարի 18-ը հետաձգեց Ավետիսյանների գործով դատաքննությունը . փոխվել է նրա փաստաբանը
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում մեկնարկել է 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը: Նիստը նախագահում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը, մեղադրող կողմն է՝ ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ ավագ դատախազ Գ. Գևորգյան:
Դատարանը ճշտեց, թե ովքեր նիստին, ներկա իսկ այնուհետև կողմերին ներկայացրեց իրենց իրավունքները:
Նշենք, որ կրքերը թեժ են դատարանում, Աետիսյանների ընտանիքի հարազատները հուզված են, նշում են, որ բոլորը տոնածառներն են դնում իրենց տներում, իսկ Ավետիսյանների տունը դեռ արյունոտ է: Նրանց նաև վրդովեցնում է այն, որ դատը անցկացվում է զորամասում, ոչ թե հայկական դատարանում:
Նշենք նաև, որ տուժող կողմի փաստաբաններին թույլ չէին տալիս մեքենայով մոտենալ զորամասին, նրանք կարողացան դահլիճ մտնել ուշացումով:
Հիշեցնենք, որ գործով մեղադրյալը ՌԴ քաղաքացի, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:
15.31
Դատարանը մինչև հունվարի 18-ը հետաձգեց Ավետիսյանների գործով դատաքննությունը . փոխվել է նրա փաստաբանը
Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում մեկնարկել է 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 18-ը։
Հետաձգման պատճառն այն էր, որ փոխվել է նրա փաստաբանը, իսկ նոր փաստաբանը, ներկայացված միջնորդությամբ, ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար:
14.18
Վալերի Պերմյակովը սատանիստ էր, ինչը բացատրում է սպանության դրդապատճառը. փաստաբան
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում Վալերի Պերմյակովի գործով ընթացող դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Ֆելիքս Սարգսյանը հայտարարեց, որ Վալերի Պերմյակովը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում հաշիվ է բացել սատանիզմի ուղղվածություն ունեցող և խոստացել մարդկանց զոհաբերել իր տիրոջը:
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ չեն վիճարկում մեղադրական այն եզրակացությունը, որ ավազակային հարձակում է եղել, սակայն նախաքննության մեջ պարզված չէ, թե որն է դրդապատճառը, իսկ սատանիզմը տալիս է մի շարք հարցերի պատասխաններ:
«Ողջ նախաքննության ընթացքում հարց է առաջանում՝ ինչ պատահեց այն բանից հետո երբ
մեծահասակների սպանությունը կատարվելուց հետո, երբ զենքի մեջ կային փամփուշտներ վեց ամսական երեխային սպանեց սվին դանակով: Մեր բացահայտումը, որ նա սատանիստ է, սրանով ամեն ինչի պատասխանը ստանում ենք: Այո, սատանիստական գաղափար ունեցողը կարող էր դա անել, իր տիրոջը հանձնելու խոստացված զոհին»,-ասաց նա և պահանջեց մեղադրողին բացահայտել, արդյոք իրենք այս ուղղությամբ քննություն կատարել են:
Տուժողի իրավահաջորդի մեկ այլ ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ Վալերի Պերմյակովը սատանայի հետ պայմանագիր է կնքել:
«Ցավալի փաստական հանգամանքներ կան կապված, թե ինչ գրառումներ է արել Պերմյակովը՝ սատանային մարդկանց նվիրաբերելու մասին, ինչը շատ կարևոր հանգամանք է: Ընդհանրապես այս սպանության դրդապատճառի գնահատականը տալու համար սա կարևոր հանգամանք է: Ակհայտ է, որ այդ ուղղությամբ քննություն կատարված է, սակայն նյութերը կցված չեն գործին»,-ասաց նա:
14.08
Իրավապաշտպան Ա. Սաքունցը միջնորդություն ներկայացրեց՝ դատարանում գտնվող երկու զինծառայուղներին հեռացնելու մասին
Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում մեկնարկած 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով առաջին դատական նիստի ընդմիջումից հետո դատարանի հարցերին պատասխանեց ամբաստանյալը: Նա պարզաբանեց, թե որտեղի՞ց է, ի՞նչ է անուն ազգանունը, որտե՞ղ է հաշվառված, ի՞նչ կրթություն ունի և արդյո՞ք նախկինում ունեցել է դատավածություն:
Վալերի Պերմյակովը, պատասխանելով հարցերին, նշեց, որ ինքն արդեն դատապարտված է, սակայն չի հիշում, թե ում կողմից: Նիստը նախագահող դատավոր Հարություն Մովսեսյանը հիշեցրեց, որ Պերմյակովը ռուսական 5-րդ կայազորային դատարանի վճռով դատապարտվել է ազատազրկման՝ 10 տարի ժամկետով:
Անուհետև իրավապաշտպան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը նախ հետաքրքրվեց, թե ինչ գործ ունեն դահլիճում ռուսական ռազմաբազայի ռազմական հագուստով երկու ծառայողներ, ինչ հիմնավորմամբ են գտնվում դահլիճում:
Դատավորը տեղեկացրեց, որ նրանք դրա իրավունքն ունեն, հաշվի առնելով, որ Վալերի Պերմյակովը դատապարտված է ռուսական դատարանի կողմից:
Արթուր Սաքունցը միջնորդություն ներկայացրեց երկու զինծառայողներին դատարանից հեռացնելու վերաբերյալ՝ նշելով, որ չկա որևէ իրավական հիմք նրանց ներկայության համար, ավելին՝ նրանց ներկայությունը ճնշող կարող է լինել դատարանի համար:
12.45
Պերմյակովի գործով դատական նիստին փաստաբանները նստելու տեղ չունեն. նիստը ընդմիջվեց աթոռներ տեղադրելու համար
Ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկած հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը նախագահող դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների համար նստելու տեղ հատկացնելու համար:
Նշենք, որ փաստաբանները կարողացան դահլիճ ներս մտնել ուշացումով, քանի որ նրանց մեքենաներին թույլ չէին տալիս մոտենալ ռազմաբազային:
Սակայն ներս մտնելուց հետո պարզվեց, որ նրանք չունեն նստելու տեղ: Փաստաբանները պահանջեցին՝ ստեղծել աշխատանքային պայմաններ և դրանից հետո սկսեցին դահլիճ բերել սեղան ու աթոռներ:
Նշենք, որ դահլիճը շատ փոքր է ու բազմամարդ: Ներկա են Ավետիսյանների ընտանիքի հարազատները, բազմաթիվ լրագրողներ: Նշենք նաև, որ փաստաբանները դժգոհ են իրենց համար ստեղծված պայմաններից: Մասնավորապես, փաստաբան Լուսինե Սահակյանը վրդովմունքով նշեց, որ իրենք չենք կարող ստեղծված պայմաններում աշխատել, քանի որ անգամ սեղանը փոքր է և բոլոր փաստաբաններով չեն կարող մոտ լինել իրենց վստահորդին և հանգիստ աշխատել:










