Հայաստանը չպետք է կորցնի աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկի իր համբավը. Սերժ Սարգսյան

19:55 • 18.12.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

 

Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ:


Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զարգացման պատկառելի ճանապարհ են անցել: Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես աչքի եք ընկնում պատասխանատվության մեծ զգացումով և նվիրվածությամբ:


Անվտանգության ապահովման խնդիրն աննախադեպ սուր է ժամանակակից աշխարհում: Անվտանգության ծառայությունների և իրավապահ մարմինների՝ նույնիսկ ամենազարգացած համակարգեր ունեցող երկրներում մենք ականատես ենք դառնում արկածախնդիր և վայրագ գործողությունների: Այս նոր իրավիճակում բոլորիս գերխնդիրն է թույլ չտալ նման ողբերգական իրադարձություններ ու միջադեպեր մեր երկրում:


Հայաստանի Հանրապետությունը չպետք է կորցնի աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկի իր համբավը: Մեր քաղաքացիները, ինչպես նաև մեր երկիր այցելող օտարերկրացիներն իրենց պետք է մշտապես ապահով զգան այստեղ:


Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ դուք կարողանում եք մասնագիտական բարձր մակարդակով և պատվով կատարել ձեր պարտքը մեր պետության և ժողովրդի առջև, որի համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ:


Վստահ եմ, որ դուք նույն ոգով կշարունակեք լուծել հետախուզության, հակահետախուզության, սահմանադրական կարգի պահպանման, ահաբեկչության դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության և ազգային անվտանգության մարմիններին վերապահված այլ խնդիրներ:


Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ ձեր բարձր առաքելության մեջ:

Հայաստանը չպետք է կորցնի աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկի իր համբավը. Սերժ Սարգսյան