Ինչն է նախկինում կարևորվել Ամանորին՝ ըստ ազգագրագետի

14:02 • 19.12.15

Ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ռաֆայել Նահապետյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացնելով, թե նախկինում ինչպես են տոնել Ամանորը,   ասաց, որ  հեթանոսական շրջանում Ամանորն ավելի շքեղ է անցկացվել՝ մարմնամարզական խաղերով՝ զորահրամանատարների ուղեկցությամբ ու թագավորի գլխավորությամբ:


Նա նշեց, որ հայերիս կողմից Ամանորին հատկապես կարևորվել է  յոթ թիվը՝ ամեն ինչից յոթ հատ կամ յոթ տեսակ էին անում, ինչը, ըստ նրա, կապված է հեթանոսության շրջանի յոթ աստվածությունների հետ: Նա ասաց, որ  Ամանորին հայերը պատրաստում էին գաթա, որի գնդի մեջ դնում էին  կորիզ կամ մետաղադրամ և տարվա տասներկու ամիսների կամ ընտանիքի անդամների թվին համապատասխան զարդարում այն, իսկ  երեկոյան տան ավագը կամ տանտիրուհին բաժանում էր այն ընտանիքի անդամներին և ում բաժին էր ընկնում կորիզը, տարվա հաջողությունն իրենն էր:


Ազգագրագետը նշեց, որ նախկինում ամանորյա ուտեստների մեջ ամենակարևորը հատիկեղենն եղել, որն իր մեջ կրում էր կյանքի հարատևության և ընտանիքի ամրության խորհրդանիշը: «Մրգեղենը պարտադիր է  եղել և յուրաքանչյուր միրգ իր իմաստն է ունեցել»-ասաց նա և նշեց, որ օրինակ՝ մասնավորապես խնձորը որոշակի դեր է կատարել աղջկա ընտրության հարցում և խորհրդանշել է սիրո գաղափարը:


«Քանի որ տոնը բազմիմաստ խորհուրդ ունի, ամեն մի ուտեստ էլ իր խորհուրդն ունի: Սակայն նախկին համակարգը չի գործում և հիմա մեծ նշանակություն է տրվում մսամթերքների առատությանը և այնպիսի բաղադրիչներ են օգտագործվում, որ երբեք չի եղել»,- ասաց նա և նկատեց, որ նախկինում  ժողովուրդն այսքան ճոխությունը չէր կարևորվում:


Ազգագրագետն ասաց, որ նաև անցյալում Ամանորին տարածված է եղել նաև բախտագուշակությունը: Նա օրինակ բերեց, որ եթե  օրինակ որևէ ընտանիքում երեխա պետք է ծնվեր, ապա համապատասխան բլիթ էին պատրաստում և եթե այն ուռչեր, ապա տղա կծնվեր, եթե սմքեր՝ աղջիկ:

 

Ինչն է նախկինում կարևորվել Ամանորին՝ ըստ ազգագրագետի