ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման պլանը. ինչ է այն ենթադրում
Սիրիայի ճակատագրի հետ կապված միաժամանակ 2 կարևորագույն իրադարձություն է տեղի ունեցել Նյու Յորքում։ Առաջինը դարձել է Սիրիային աջակցող միջազգային խմբի համաժողովը, որին մասնակցել են 18 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Միջոցառման արդյունքը դարձել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայնեցված նախագիծը, որը կոչված է հաստատելու նախկինում Վիեննայում ընդունված փաստաթղթի սկզբունքները սիրիական հարցի կարգավորման վերաբերյալ:
Երկրորդ իրադարձությունը եղել է ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստը, որտեղ միաձայն հաստատվել է Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման պլանը։
Համաձայն բանաձևի՝ վեց ամսվա ընթացքում պետք է որոշվի «նոր Սահմանադրության նախագծի մշակման գործընթացն ու գրաֆիկը», իսկ 18 ամսվա ընթացքում պետք է կայանան ազատ ու արդար ընտրություններ՝ համաձայն նոր Սահմանադրության։
Բանաձևը նաև ընդգծում է, որ «Սիրիայի ապագան պետք է որոշի սիրիացի ժողովուրդը»։
ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևը ենթադրում է նաև Դամասկոսի և ընդդիմության բանակցությունների մեկնարկ հունվարի սկզբին։










