Կոնգրեսականները դատապարտել են ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի՝ Թուրքիային ուղղված գովաբանական խոսքերը

14:43 • 19.12.15

Լուսանկարում՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերը

 

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Դանիել Բաերի հայտարարության հրապարակումից ժամեր անց, որտեղ նա «արժեքավոր» էր համարել Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում, ամերիկյան Կոնգրեսի անդամները սկսել են լուրջ մտահոգություններ հայտնել բարձրաստիճան դիվանագետի հակասական գնահատականների վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, գրում է asbarez.com-ը:

 

Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոունը նշել է, որ «իրեն մտահոգում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի հնչեցրած վերջին հայտարարությունը Մինսկի խմբի խաղաղության գործընթացում Թուրքիայի դերը գովելու վերաբերյալ»։

Pallone_Baer_121815

«Սկզբից ի վեր ակնհայտ է եղել Թուրքիայի ակտիվ դերն Ադրբեջանին աջակցելու հարցում: Նման հայտարարությունը կծառայի միայն բանակցությունները բևեռացնելուն»,- ասել է նա։

 

Դեմոկրատ Ադամ Շիֆը պնդել է, որ «հաշվի առնելով Թուրքիայի պահվածքը և Բաքվին երկարատև աջակցությունը՝ Թուրքիան չի կարող չեզոք միջնորդ համարվել շփման գծի երկայնքով ավելի ու ավելի ինտենսիվ դարձող հակամարտության կարգավորման գործում»։

 

Schiff_Baer_121815

 

Կոնգրեսական Շիֆը խոսել է նաև շփման գծի երկայնքով մոնիթորինգի տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտության մասին, «քայլ, որին Հայաստանը պատրաստակամորեն համաձայնել է, իսկ Ադրբեջանը՝ դիմադրել»:

 

Ինչպես նշում է կայքը, Բաերը դեկտեմբերի 17-ին գովել է Թուրքիայի դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ իրականացվող ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում՝ նշելով, որ «Թուրքիան Մինսկի խմբի արժեքավոր անդամ է և համագործակցում է համանախագահների հետ խաղաղությանն ուղղված բանակցություններում ելք գտնելու նպատակով»։

Կոնգրեսականները դատապարտել են ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի՝ Թուրքիային ուղղված գովաբանական խոսքերը