Եթե մշակույթի ճյուղերը կենսունակ են և կարող են արժեքներ ծնել, կենցաղային մշակույթի տարածումից չպետք է վախենալ. արվեստագետ
Արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե միտում չի տեսնում, որ մշակույթի ոլորտում հետևողականորեն քարոզվում է վատն ու անորակը: Ըստ նրա, եթե երաժշտության և մշակույթի մյուս ճյուղերը կենսունակ են և կարող են արժեքներ ձևավորել, ուրեմն մեծ ողբերգություն պետք չէ սարքել կենցաղային մշակույթի տարածումից: «Այո՛, խնդիր կարող է դառնալ երկրի, մշակույթի, ազգի համար, եթե ազգի հոգևոր կեցությունն ունակ չլինի մի օր, Աստված մի արասցե, լուրջ արժեքներ ծնելու, այ երբ որ այդպիսի բան եղավ, այո՛, կենցաղային մշակույթը կդառնա մեզ համար գլխատում, սարսափելի բան»,-ասաց նա:
-Պարո՛ն Նավոյան, հետևելով մշակութային քարոզին, ի՞նչ եզրակացություն կարող եք գալ, Դուք միտում նկատո՞ւմ եք, որ հետևողականորեն քարոզում են վատն ու անորակը:
-Որքան էլ տարօրինակ չհնչի, չեմ հետևում, որովհետև կարևոր եմ համարում լուրջ արժեքների ստեղծման հետևելը: Բայց առհասարակ, եթե երաժշտության և մշակույթի մյուս ճյուղերն էլ կենսունակ են և կարող են արժեքներ ձևավորել, ուրեմն մեծ ողբերգություն պետք չէ սարքել կենցաղային մշակույթի տարածումից: Համարենք, որ դա կենցաղային, շուկայական մշակույթ է և այն բարձր լինել չի կարող սկզբունքորեն դա սպասարկում է կենցաղը, ժամանցը, հետևապես երբ որ երևույթն ինքնին այնքան պարզունակ է, նրա թիկունքում դավադրությունների տեսություն փնտրելը կարծում եմ անտեղի է: Երևույթը եղել է միշտ, ուրիշ տեսք է կրել, ուրիշ կերպարանք է ունեցել, բայց միշտ է եղել: Այո՛, խնդիր կարող է դառնալ երկրի, մշակույթի, ազգի համար, եթե ազգի հոգևոր կեցությունն ունակ չլինի մի օր Աստված մի արասցե լուրջ արժեքներ ծնելու, այ երբ որ այդպիսի բան եղավ, այո, կենցաղային մշակույթը կդառնա մեզ համար գլխատում, սարսափելի բան:
-Փաստորեն, մենք նման վտանգից դեռևս հեռո՞ւ ենք կարծում եք:
-Գիտեք, հազար գործոն կարելի է այնտեղ տեսնել և առաջին հերթին եթե շահ կա, գումարներ կան, ֆինանսական հետաքրքրություններ կան: Այդ ֆինանսական հետաքրքրությունները հազար տեսակ մարդու կարող են հետաքրքրել այդ գործունեությամբ զբաղվելու կամ խրախուսելու համար: Հիմա սա միտո՞ւմ է, թե՞ միտում չէ՝ չգիտեմ. էժան հեղինակություն վայելելու, էժան դիրքեր զբաղեցնելու, կամ ժամանակավորապես փառք վայելելը մեծ գայթակղություն է, ոմանք կարող են հենց դրանով գայթակղվել և ոմանք էլ կարող են հենց դրա համար ֆինանսներ ստանալ: Այս կարգի գործոնները դնել իրար կողքի և դիտարկել որպես համալիր երևույթ, ձեր ասած դավադրության տեսությունը մի տեսակ ինքն իրեն հերքվում է, որովհետև այնքան ուրիշ գործոններ կան, որոնք սնում են այս երևույթը, որ այդ դավադրության մասին չգիտեմ որերորդ մակարդակի վրա կարելի է կասկածել կամ չկասկածել:
-Իսկ համակարծի՞ք եք այն մոտեցման հետ, որ հասարակությանը տալիս են այն, ինչ պահանջում է:
-Դեմ եմ իհարկե, որովհետև այդպես չի, որ հասարակությանը սնուցել ենք բարձր արժեքներով և նա վատն է նախընտրել, չկա այդպիսի բան: Նախ՝ չենք արել և հետո չենք էլ ստուգել, իսկ չարածն ու չստուգածը հայտարարել որպես ճշմարտություն՝ անբարեխիղճ է:
-Դուք գոնե կրթելու խնդիր տեսնում եք, թե բավարար եք համարում այն, ինչ արվում է:
-Կրթելու խնդիր, անպայման, կա, բայց հանկարծ սխալ չընկալվեմ, որ եթե ասում եմ կենցաղային մշակույթ է և սարսափելի վտանգ չի ներկայացնում, նշանակում է, որ եկեք այսօր մենք հանգստանանք, այլևս չկրթենք հասարակությանը: Ես ասացի, որ մտահոգվել է պետք միշտ բարձր արժեքներ ստեղծելու գործընթացով, առաջին հերթին կրթական գործընթացով՝ ընտանիքից, մանուկ հասակից ի վեր, հետո կրթական բոլոր օղակներից սկսած՝ մանկապարտեզ, դպրոց և այլն, համերգային կյանք, հասարակության հոգևոր կենցաղ: Ամեն տեղ պետք է լինի կրթական գործոն:
-Իսկ կարծում եք սոցիալական խնդիրները դեր ունե՞ն, որ մշակույթում, թեկուզ Ձեր ասած կենցաղային մակարդակում նման պատկեր ունենք:
-Գիտեք, նույնիսկ հակառակը կարող եմ ասել, տարօրինակ բան կարող եմ ասել, ոչ միայն մեր մշակույթում, ոչ միայն այսօր, կարող ենք սարսափելի կազուսների հանդիպել: Սոցիալական ամենավատ պայմանները երբեմն ծնել են հսկայական մշակութային արժեքներ, դա չի նշանակում, որ եկեք ժողովրդին նետենք սոցիալական վատ պայմաններ, բայց հասարակական կեցության հարցերը մշակույթին սերտաճելու դիտելն էլ սխալ է: Սա կոմունիստական գաղափարախոսությունից եկող սխալ է, նրանք, այո՛, իհարկե կապակցված են ինչ-որ տեղ, ինչ-որ մակարդակի վրա, բայց ուղիղ կապակցվածություն չկա: Այսինքն՝ հասարակական ծանր կացությունը չէ, որ պայմանավորում է մշակութային անկում և ընդհակառակը՝ մշակութային անկումը միշտ չէ, որ պայմանավորված է սոցիալական անկումները: Ես կարող եմ սովետական տարիների օրինակը բերել, որտեղ գաղափարաբանական հսկայական ճնշումների պայմաններում ստեղծվել են համաշխարհային բարձրագույն արժեքներ:
-Իսկ գոնե պետական քաղաքականությունը բավարար համարվում եք, որ մշակութային ցենզը ավելի բարձր լինի:
-Միշտ ավելի շատի ցանկություն կա, դա միանշանակ է, բայց արվածը չնկատել համաձայն չեմ: Օրինակ՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համար արվել է չէ՞, հսկայական բաներ են արվել: Արտասահմանում հայ մշակույթը ներկայացվել է այնքան, ինչքան այս մեկ տարվա ընթացքում է արվել, ամբողջ խորհրդային տարիների ընթացքում չի արվել, ամբողջը միասին վերցրած, ես նման կարծիք ունեմ: Դրեք համեմատեք, թե Եվրոպայում ինչքան հայկական երաժշտություն է հնչել, կամ ցուցահանդեսներ ներկայացվել, ինչքան տեղեկատվական ակցիաներ են կազմակերպվել հայ մշակույթի մասին, ինչքան հրատարակումներ են եղել ու համեմատեք խորհրդային տարիներին Եվրոպայում այդքան եղե՞լ է, թե ոչ, միանշանակ ոչ: Սովետական միության տարածքում եղել է ու շատ ավելի մեծ գուցե, բայց Եվրոպայում այդպես չենք եղել: Խորհրդային տարիներին արևմտյան աշխարհից դուրս ընկած քաղաքակրթություն ենք կրել, մշակույթ:
-Բայց չէ՞ որ ստեղծել ենք Ձեր ասած համաշխարհային մակարդակի բարձր արժեքներ, որն այսօր մեզ չի հաջողվում:
-Ստեղծել ենք բարձրարժեք մշակույթ, իհարկե, բայց դա Եվրոպայում պրոպագանդելու արդյունքը չի, կամ դրա բացակայության արդյունքը չի, ստեղծել ենք, որովհետև կենսունակ ազգ ենք:
-Իսկ այսօր կենսունա՞կ ենք:
-Իհարկե, կենսունակ ենք, ու ստեղծում ենք: Քիչ առաջ խոսում էի չէ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» մասին, դա կենսունակ մշակույթի մասին չէ՞ խոսում:










