Հայաստանում ավելի շատ օտարամոլ ստեղծագործություններ են օգտագործում. Կոմպոզիտորների միության նախագահ

13:20 • 21.12.15

Թեև Հայաստանի կոմպոզիտորների միությունը տարվա ընթացքում բազմաթիվ համերգներ, փառատոներ է կազմակերպել ու իրականացրել, այդուհանդերձ, միությունը մի շարք խնդիրներ ունի, որից առաջնայինը ֆինանսական հարցն է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:


«Ակնկալում էինք, որ մեր միջոցառումներն ավելի շատ ֆինանսավորվեն, բայց մենք, ցավոք, մեր միջոցառումները կարողացանք անել ավելի քիչ ֆինանսավորման դեպքում: Ֆրանսիայում չորս համերգներ եղան հայ կոմպոզիտորների մասնակցությամբ, սակայն պետական միջոցներով ֆինանսավորվեցին միայն երկուսը»,-ասաց Արամ Սաթյանը՝ հավելելով, թե Կոմպոզիտորների միության հիմնական նպատակն է, որ հայկական ստեղծագործությունները նվագեն նաև օտարերկրյա կատարողները:

«Տարվա ընթացքում Հայաստանում մենք ունեցանք բազմաթիվ փառատոններ: Միություններն այսօր ոնց որ սահմանամերձ գոտում են, նրանք անում են ամեն ինչ, որ մեր մշակույթը մատուցեն տարբեր երկրներում: Միություններն են, որ պահպանում են պրոֆեսիոնալիզմը»,-նկատեց Արամ Սաթյանը:
Շարունակելով խոսքը՝ Արամ Սաթյանն ասաց, թե այսօր Հայաստանում ավելի շատ օտարամոլ ստեղծագործություններ են օգտագործում. «Կամաց-կամաց ներմուծվում են օտար տարրեր մեր երաժշտական ստեղծագործության մեջ: Խոսքը վերաբերում է և՛ դասական, և էստրադային երաժշտությանը: Միությունները պահպանում են ազգային մշակույթը, այն, ինչը բնորոշ չէ այլ կազմակերպություններին, սակայն այդ այլ կազմակերպություններն այսօր ավելի շատ պետական աջակցություն են ստանում, քան միությունները»:

Արամ Սաթյանն ասաց, թե միությունները պետք է ունենան որոշակի ֆոնդեր, նրանք հասարակական կազմակերպություններ են, որոնք իրավունք չունեն ֆինանսներ աշխատել, և այդուհանդերձ, չֆինսավորվելով, ազգային մշակույթի պահպանողն ու տարածողն են:

 

Հայաստանում ավելի շատ օտարամոլ ստեղծագործություններ են օգտագործում. Կոմպոզիտորների միության նախագահ