Ուրիշի դդմի տոնը կարևորում ենք, սակայն լավ բաներին արհամարհանքով ենք նայում. գրականագետը՝ ամանորյա գնումների մասին
Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփելով 2015 թվականը նշեց, որ ոչինչ չի փոխվել:
«Նույն խեղճությունն է, նույն աղքատությունը, տխուր վիճակն է: Չգիտեմ, թե երբ պետք է շրջադարձ անենք դեպի ժողովուրդը, այս ուր են հասցրել մեր ժողովրդին»,-ասաց նա և նշեց, որ թեև բոլորն էլ հասկանում, գիտակցում են ներկա վիճակը, սակայն բոլորը չէ, որ բարձրաձայնում են:
Նա այս տարվա մշակութային միջոցառումները բավարար չհամարեց և նկատեց, որ չկա այնպիսի թռիչք, որով ընթերցողին կապեն իր հող ու ջրին, թեև լավ բաներ կան:
«Գրականությունը որպես երևույթ չկա, ո՞վ է գրականությունից խոսում, ո՞վ է գրականություն կարդում»,-ասաց նա:
Անդրադառնալով Նոր տարուն՝ նա ասաց, որ այն հայ ժողովրդի ամենասիրած տոնն է. «Այդ գնումների մեջ ի՞նչ վատ բան կա, մենք ուրիշի դդմի տոնը կարևորում ենք, սակայն լավ բաներին արհամարհանքով ենք նայում»։
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը կոչ արեց ստամոքսից քիչ խոսել և մտածել, թե ինչպես կառուցել երկիրը:
«Մարդիկ կորցրել են վստահությունն ամեն ինչ նկատմամբ: Ես խնդրում եմ՝ բոլորս միանանք, որ կառուցվի այս պետականությունը: Ցավում եմ, որ մենք տեսնում ենք ստվերը, սակայն չենք տեսնում լույսը: Հայ ժողովուրդը շատ ծանր բան է տեսել: Ցանկանում եմ, որ մարդիկ դիմանան և խուճապի չմատնվեն»,-ասաց նա:










