Թուրքիայում չէին ողջունում ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումները. Էմիր Կուստուրիցա

13:20 • 25.12.15

Սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան Էմիր Կուստուրիցան Երևանում է և այսօր հայ հանդիսատեսի համար հանդես է գալու համերգով:


«Մեցցո» պրոդաքշն ընկերության նախագահ Կամո Մովսիսյանն ասաց, թե հպարտություն է ապրում նման միջոցառում կազմակերպելու և աշխարհահռչակ երաժշտի հետ հանդիպելու համար:


Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, թե համերգը կարևոր է իրենց  համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում:


«Ինձ համար մեծ հաճույք է լինել մի երկրում, որի հետ մենք շատ նմանություններ ունենք: Մի մեծ տարբերություն կա, դուք՝ հայերդ, շատ համախմբված եք, ունեք պետականություն, որը ձեր հավաքական արձագանքն է արտահայտում Ցեղասպանության վերաբերյալ: Իմ ազգը, որը պարբերաբար գրոհների է ենթարկվել, միասնական հանդես չի գալիս: Ուստի, ամեն անգամ այս երկիր գալիս, զգում եմ, որ դուք միասնական ու համախմբված եք»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Էմիր Կուստուրիցան:


«Այստեղ գալիս ոչ միայն վայելում եմ, այլ՝ հասկանում, որ ձեր երկրում ամեն ինչ աներկբա է: Երբ 3-4 տարի առաջ Թուրքիայում էի, այնտեղ չէին ողջունում ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումները, ես էլ ասացի, որ դուք չէ, որ պետք է ինձ ասեք, թե ինչ դիրքորոշում ունենամ, քանի որ  20-րդ դարի սկզբին դուք էիք, որ միլիոնուկես հայերի ցեղասպանության ենթարկեցիք»,- պատմեցի կինոռեժիսորը:


Կուստուրիցան ասաց նաև, թե երբ հեռացել է Թուրքիայից, իրեն ասել են, որ Թուրքիայում այդ օրերին ծեծի են ենթարկել մի շվեցարացի կինոռեժիսորի, ով նման է եղել իրեն:

 

 

Թուրքիայում չէին ողջունում ցեղասպանության վերաբերյալ իմ դիրքորոշումները. Էմիր Կուստուրիցա