Էստրադային և օպերային հայ հայտնի երգիչները՝ նախաամանորյա մեկ համերգային ծրագրում
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 27-ին օպերային և էստրադային հայտնի կատարողները երգելու են միասին նույն բեմում։
.jpg)
Էրիկը, Արամո և Էմմա Պետրոսյանները, Ինգա և Անուշ Արշակյանները և Օպերայի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը հանդես կգան կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի նախաամանորյա մեկ համերգային ծրագրում։
«Բոլորս գիտենք և քաջ գիտակցում ենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեր երաժշտական-մշակութային կյանքի դեմքն է մեր քաղաքի և մեր հյուրերի համար։ Որպես արվեստագետ՝ մեր կարևորագույն խնդիրն է ներդնել մեր ուժը, եռանդը, տաղանդը, որ կարողանանք սատարել հարստագույն պատմություն ունեցող մեր մշակութային օջախին։ Այս տոնական նախօրյակին, հուսով եմ, պատշաճ ձևով հանդես կգանք մեր հանդիսատեսի համար»,-ասաց մաեստրո Արմեն Մարտիրոսյանը։
«Անշուշտ, հետաքրքիր է հանդես գալ էստրադային երգիչների հետ։ Սա նոր նախագիծ է, որում ես առաջին անգամ եմ ելույթ ունենալու։ Փորձնական ելույթները շատ հետաքրքիր են անցնում, հուսով եմ՝ շարունակական կլինեն»,-նշեց օպերային երգչուհի Սոֆիա Թումանյանը։
«Պետք է նշեմ, որ այս միջոցառումը բազում ներդրումներ և ֆինանսներ է պահանջում։ Այս անգամ մենք ամեն ինչ արել ենք Օպերային թատրոնի հնարավորությունների սահմանում, իսկ փոփ երաժշտության ներկայացուցիչները երգելու են անվճար։ Հույս ունենք, որ ապագայում նույն ֆորմատի համերգներ ավելի մեծ մասշտաբով կլինեն»,-եզրափակեց կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը։










