Ոչ մեկ կախարդական փայտիկ չունի, որ շրջի՝ մի օրում դառնանք Եվրոպա, եվրոպացու պես ապրենք. ՀՀԿ-ական պատգամավոր
Հայաստանի իշխանությունները հնարավոր ամեն ինչ արել են՝ լավացնելու բնակչության կյանքը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Հարցին՝ ի՞նչ լավ բան է արել ՀՀԿ-ն ժողովրդի համար, պատգամավորը հորդորեց անելիքները լավ ու վատի չբաժանել ու գնահատել իշխող ուժի աշխատանքը ոչ թե մեկ տարվա կտրվածքով, այլ՝ մի քանի:
«Այն, ինչ մենք չենք հասցրել, օրինակ, 2015թ.-ին անել, կանենք՝ 2016թ.-ին: Իշխանությունները հանգուցային խնդիրների վրա էին բևեռել իրենց ուշադրությունը և ապահովեցին այն շարունակականությունը, որը ծրագրային էր: Իսկ ասել՝ լավ բան ենք արել, վատ բան ենք արել... Չգիտեմ՝ որն է լավը, որը՝ վատը»,- ասաց Լ. Ալեքսանյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց կարծիքների հետ, որ իշխանությունները տապալել են սոցիալական քաղաքականությունը, որ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, որովհետև գնաճին զուգահեռ չեն ավելացել աշխատավարձերը, թոշակները:
«Ամեն ինչ համեմատական է: Եթե համեմատվում ենք հարևանների հետ, տեսնում ենք՝ ինչ է կատարվում... Մեկ-մեկ ասում են, թե բա ինչի եք համեմատվում ԱՊՀ երկրների հետ: Բա ինչ է, պետք է Եվրոպայի հե՞տ համեմատվենք: Ոչ մեկ կախարդական փայտիկ չունի, որ շրջի՝ մի օրում դառնանք Եվրոպա, ապրենք եվրոպացու պես: 100 տարի հետո էլ՝ չգիտեմ, կդառնանք, թե չենք դառնա: Երևի պետք էլ չի, որ դառնանք... Մենք մեր հնարավորությունների սահմաններում ենք անում, եղած հնարավորությունները պետք է արդյունավետ ծախսել, կանգ առնել հանգուցային հարցերի վրա: Պատկերացրեք՝ չեղած բյուջեից կտրեինք ու թոշակը երկու անգամ բարձրացնեինք: Դրանով ինչ-որ հարց կլուծվե՞ր»,- ընդգծեց Լեռնիկ Ալեքսանյանը:
Պատգամավորն ասաց, որ սոցիալական խնդիրն արմատական է և հեղափոխական ճանապարհով երբեք չի լուծվի՝ որ կուսակցությունն էլ իշխանության լինի: «Կարևորը շարունակականությունն է: Բարեկեցությունը, սոցիալական խնդիրները մի օրում չեն լուծվում»,- հավելեց Ալեքսանյանը:










