Հանրակրթական հաստատություններում դասերը կմեկնարկեն մեկ շաբաթ ուշ

18:48 • 07.01.16

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում տեղեկացնում է, որ հանրակրթական հաստատություններում դասերը կմեկնարկեն մեկ շաբաթ ուշացումով՝ հունվարի 11-ի փոխարեն հունվարի 18-ից։


«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից։


Ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Ուսումնական ծրագրի ամբողջական յուրացման նպատակով մինչ ուսումնական տարվա ավարտը կկազմակերպվեն լրացուցիչ դասընթացներ։


Առողջություն եմ մաղթում բոլորին»,- ասվում է նախարարի գրառման մեջ։


Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը, հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել էր ՀՀ կրթության և գիտության նախարարություն: