Վաղ առավոտյան գոռգոռոցներով ներխուժեցին մեր բնակարան և ձերբակալեցին իմ մորը, դա շատ ծանր տարա. Արեգնազ Մանուկյանի դուստր

14:05 • 16.11.26

Վաղ առավոտյան, երբ քնած էինք, անծանոթ մարդիկ գոռգոռոցներով ներխուժեցին մեր բնակարան և ձերբակալեցին իմ մորը, Ազգային ժողովում, խորհրդարանական լսումների ժամանակ ասել է  «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դուստրը՝ Արփի Մուրադյանը:

«Ես դա շատ ծանր տարա, բայց փորձում էի ցույց չտալ։ Շատերին թվում էր, թե ես ուժեղ էի, բայց ներսից օրեցօր կոտրվում էի։ Ես մինչև հիմա հիշում եմ մեր դռանն անդադար խփելու այդ ձայները։ Գիշերները ես չէի կարողանում քնել, մտածելով՝ կալանավայրում ո՞նց է իմ մայրը, ինչպե՞ս են նրան այնտեղ վերաբերվում: Կարոտի զգացողությունից չէի կարողանում զսպել իմ արցունքները և մտքով միշտ իմ մայրիկի հետ էի։

Երբեք չէի պատկերացնի, որ երբևէ կգնայի կալանավայր ու դա կլինի իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Ես իմ ծննդյան տարեդարձի օրն ուզում էի լսել իմ մոր ձայնը, և ասել, թե որքան եմ նրան սիրում։ 

Ես Արեգնազ Մանուկյանի  դուստրն եմ և ես հպարտ եմ դրա համար։ Իմ մայրը հանցագործ չէ, նա ուժեղ է և երբեք չի կոտրվում։ Նա այս ամբիոնից շատ անգամ է խոսել մեր երկրին սպասվող վտանգների մասին, բայց մեր երկրում հայրենասիրությունը դարձրել են դավաճանությանը հավասար մի բան։ 

Ես ուզում եմ ասել, որ մեզ՝ բոլորիս, լռեցնել չեք կարող։ Ես սա ասում եմ իմ և իմ հասակակիցների կողմից։ Ապագան մերն է լինելու՝ իրոք ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում»,-նշել է նա: