Իրանն իր դեսպանին կանչելու մասին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը «սուտ» է որակել

16:59 • 08.01.16

Իրանը հերքել է Թուրքիայի պնդումները՝ իր դեսպանին ԱԳՆ կանչելու մասին՝ նշելով, որ դա եղել է դեսպանի սեփական ցանկությամբ:

 

Իրանական ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ի պաշտոնյային, որը ցանկացել է չհրապարակել իր անունը, նշել է, թե թուրքական կողմի հայտարարությունը «սուտ է»:

 

Համաձայն աղբյուրի՝ Անկարայում Իրանի դեսպան Ալիռեզա Բիղդելին ինքն է խնդրել հանդիպել, որպեսզի բացատրի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի վերջին իրադարձությունների վերաբերյալ:

 

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Անկարայում Իրանի դեսպանը կանչվել է գերատեսչություն՝ բացատրություն տալու իրանական մամուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սաուդյան Արաբիա այցելության վերաբերյալ տեղեկությունների վերաբերյալ։

 

Իրանական լրատվամիջոցները գրել էին, որ դեկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել այնտեղ 47 մարդու, այդ թվում՝ շիա քարոզիչ Նեմր ան-Նեմրի մահապատժի հետ:

Իրանն իր դեսպանին կանչելու մասին Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը «սուտ» է որակել