Արաբական կոալիցիան հերքել է Սանայում Իրանի դեսպանատանն ավիահարված հասցնելու մասին լուրերը
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիան հերքում է մեղադրանքը, թե Եմենի մայրաքաղաք Սանայում ավիահարված է հասցրել Իրանի դեսպանատանը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Թեհրանը երեկ հայտարարել էր, որ արաբական կոալիցիայի հասցրած ավիահարվածներից վնասվել է Եմենում Իրանի դեսպանատունն ու դրա համար մեղադրել էր Էր-Ռիադին:
Սաուդյան Արաբիան, որն օրերս խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, գլխավորում է Եմենում ապստամբների դեմ գործողությունը: Համաձայն իրանական կողմի պնդման՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է դեսպանատան անվտանգության ծառայության մի քանի աշխատակից:
«Քննությունը ցույց է տվել, որ այդ հաղորդագրությունները կեղծ են, և դեսպանատան շրջանում որևէ գործողություն չի անցկացվել»,-ասված է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ լրատվամիջոցները՝ կոալիցիայի ներկայացուցիչների հղումով, հայտնել էին, որ ավիահարվածները Սանայում ուղղված են եղել հրթիռային սարքերի դեմ:
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները լարվել էին, երբ Էր-Ռիադն ահաբեկչության մեղադրանքով մահապատժի էր ենթարկել 47 մարդու, այդ թվում՝ շիա հայտնի քարոզիչ Նիմր ան-Նիմրին:










