Հարավային Կորեան կրկին միացրել է Հս. Կորեայի հետ սահմանին տեղադրված բարձրախոսները

12:19 • 08.01.16

Հարավային Կորեան վերսկսել է ԿԺԴՀ-ի հետ սահմանին տեղադրված բարձրախոսներով քարոզչական հեռարձակումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի գրասենյակում բացատրել են, որ հեռարձակումը վերսկսելու որոշումը սահմանային գոտու երկայնքով կայացվել է չորեքշաբթի օրը ջրածնային ռումբի փորձարկումների մասին Փհենյանի հայտարարությանն ի պատասխան։

 

Սպասվում է, որ այդ քայլը կառաջացնի հյուսիսկորեական ղեկավարության զայրույթը: Արդեն հայտնի է դարձել, որ երկիրը զորքեր է մոտեցնում Հարավային Կորեայի հետ սահմանին։

 

Հարավային Կորեան օգտագործում է հսկայական բարձրախոսներ փոփ երաժշտության, համաշխարհային նորությունների և հյուսիսկորեական վարչակարգը քննադատող հաղորդումների հեռարձակման համար: Գիշերը հեռարձակումը կարելի է լսել սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա։

 

Անցած տարի Սեուլը դադարեցրել է հեռարձակումը, քանի որ դա քիչ էր մնում Փհենյանի հետ զինված հակամարտության հանգեցներ։

Հարավային Կորեան կրկին միացրել է Հս. Կորեայի հետ սահմանին տեղադրված բարձրախոսները