Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստան՝ վիզաների հետ կապված խնդրի պատճառով

16:48 • 08.01.16

Թուրքական Pegasus Air ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստան մինչև 2016 թվականի հունվարի 16-ը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«2016 թվականի հունվարի 1-ից թուրքական ավիաընկերությունների անձնակազմերի համար վիզային ռեժիմի սահմանման մասին Ռուսաստանի Դաշնության որոշման (ինչը հակասում է ICAO օրենքներին), ինչպես նաև մեր ընկերությունների անձնակազմերի համար վիզաներ ստանալու մասին դիմումի պատասխանի բացակայության առնչությամբ մենք ստիպված ենք դադարեցնել թռիչքները Ռուսաստան մինչև 2016 թվականի հունվարի 16-ը (հունվարի 15-ը ներառյալ)»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ավիաընկերությունն առաջարկում է ուղևորներին Ստամբուլ-Մոսկվա ուղղությամբ տոմսերի արժեքի ամբողջական վերադարձ իրականացնել կամ փոխել տոմսը։

 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Pegasus Airlines և Onur Air թուրքական ավիաընկերությունների՝ Ռուսաստան թռիչքների դադարեցման միակ պատճառն այն է, որ դրանց ղեկավարությունը չի մտածել իր անձնակազմերի համար վիզաների մասին։

 

Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ռուսաստան՝ վիզաների հետ կապված խնդրի պատճառով