Թուրքիան տապալում է ներգաղթյալներին զսպելու Եվրամիության պլանները. The Financial Times

13:11 • 08.01.16

Թուրքիայի տարածքով Եվրամիության երկրներ ժամանող փախստականների թիվը բավականաչափ չի նվազել անգամ այն բանից հետո, երբ Բրյուսելը համաձայնել է Անկարային 3 միլիարդ եվրո տրամադրել ներգաղթյալներին տեղավորելու համար։ Այդ մասին գրում է The Financial Times թերթը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Թիմերմանսին։

 

Պաշտոնյան պատրաստվում է հանգստյան օրերին Թուրքիա այցելել, որպեսզի քննարկի խնդիրը տեղի իշխանությունների հետ: Ֆրանս Թիմերմանսի խոսքով՝ թուրքական իշխանությունները պետք է մեծ ջանքեր գործադրեն նոյեմբերյան պայմանավորվածությունները կատարելու համար։

 

«Մեզ բացարձակ չեն բավարարում արդյունքները, և մենք կշարունակենք փորձերը, որպեսզի ամբողջությամբ վստահ լինենք, որ ստանում ենք այն արդյունքները, որոնց մասին պայմանավորվել ենք Թուրքիայի հետ»,- ասել է նա:

 

Այս նկատառումները հնչել են Բեռլինի աճող մտահոգությունների ֆոնին, որ ներգաղթյալների հոսքի զսպման ռազմավարությունը Թուրքիայի օգնության ներգրավմամբ ցանկալի արդյունքը չի տալիս։

 

Անկարան արդեն վաղուց հայտարարել է, որ ներգաղթյալների հոսքը կարող է շարունակվել: ԵՄ-ի հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, որ չի կարող «ոչ մի երաշխիք» տրամադրել և որ ամեն ինչ կախված կլինի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից։

 

Թուրքիան տապալում է ներգաղթյալներին զսպելու Եվրամիության պլանները. The Financial Times