Ժաննա Ֆրիսկեի հայրը մտադիր է դատի տալ երգչուհու ընտանիքին գողության համար մեղադրող «Ռուսֆոնդ» կազմակերպությանը
Հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի ընտանիքը մտադիր է դատի տալ «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությանը, որը երեկ հայտարարել էր երգչուհու բուժման նպատակով հավաքված գումարի գողության մասին։ «Կոմերսանտ FM» ռադիոկայանի եթերում այդ մասին հայտարարել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն։
Նա նշել է, որ ունի դստեր բուժման համար ծախսված գումարների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, սակայն կազմակերպության ղեկավարությունը չի դիմել իրենց դրանք տրամադրելու հարցով։
«Ինձ ոչ ոք չի զանգահարել, չի հարցրել ինձ ոչինչ։ Թող հարցնեին, ես էլ կասեի։ Ի՞նչ իրավունք ունեն նրանք հայտարարելու՝ «ընտանիքը գողացել է փողերը»»,- վրդովված ասել է երգչուհու հայրը։
Նա հայտնել է, որ մտադիր է հունվարի 24-ին բանակցություններ անցկացնել «Ռուսֆոնդ»-ի հետ ու դատի տալ կազմակերպությանը։
Հիշեցնենք, որ երեկ «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության իրավաբանները հայտնել էին, որ հանգուցյալ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման համար նախատեսված գումարը գողացվել է, ինչի կապակցությամբ կազմակերպությունը ՌԴ-ի Քննչական կոմիտե է ուղարկել դիմում` խնդրելով քրեական գործ հարուցել փաստի առնչությամբ։
Երգչուհին մահացել է 2015թ. հունիսի 16-ին գլխուղեղի քաղցկեղից: Երբ հայտնի դարձավ նրա հիվանդության մասին, «Ռուսֆոնդ»-ը գումար հավաքեց բուժման համար։ Կազմակերպության և Ֆրիսկեի միջև 2014թ. հոկտեմբերի 19-ին կնքվել է պայմանագիր, որի համաձայն էլ փոխանցվել են գումարները: Գումարը տպավորիչ է` ավելի քան 25 մլն ռուբլի: Պայմանագրի պարտադիր պայմաններից է եղել ներկայացնել միջոցները ծախսելու մասին հաշվետվություն: Եթե հաշվետվություն չկա, ապա գումարը պետք է ամբողջությամբ վերադարձվի:
Երգչուհու կենդանության օրոք հարազատները ներկայացրել են փաստաթղթեր 4.120.959 ռուբլու վերաբերյալ: Իսկ մյուս գումարի` 20.890.831 ռուբլու մասին հաշվետվություններ չեն ներկայացվել: Այդ պատճառով էլ կան համոզիչ հիմքեր կարծելու, որ գումարը երգչուհու հաշվից անհետացել է:
«Ֆրիսկեի մահվան պահին մոտ 21 մլն ռուբլի դեռևս գտնվում էր նրա հաշվին, սակայն մեր ունեցած տեղեկություններով՝ գումարը կարող է փոխանցված լինել 3-րդ անձանց հաշիվներին: Ընդ որում՝ չկա ոչ մի փաստաթուղթ այն մասին, որ գումարը ծախսվել է»,- նշել էին կազմակերպությունում:










