Փետրվարի 19-ի՝ գիրք նվիրելու շարժումը դարձավ համազգային. Խաչիկ Վարդանյան
«Բուկինիստ» ընկերության տնօրեն, «Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի» նախագահ Խաչիկ Վարդանյանն այսօր մամուլի աուլիսին անդրադառնալով գիրք նվիրելու օրվան, որը նշվում է փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ասաց, որ վերջին տարիներին այդ օրը մեծ ակտիվություն է նկատվում և այնքան գիրք է վաճառվում, որքան Նոր տարվա նախօրյակին:
«Այս շարժումը դարձավ համազգային և ուրախալի է, որ գիրքը իր արժանի տեղն է վերագտնում մեր հասարակության մեջ»,- ասաց նա: Խաչիկ Վարդանյանն ասաց, որ հիմնական գնորդները երիտասարդներ են և ամենից շատ մանկական գրականություն է վաճառվում՝ հատկապես նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի համար:
ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը նկատեց, որ գիրք նվիրելու առումով մեր ժողովուրդը մտավ մշակույթի դաշտ: «Մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը նպաստում է՝ ինչպես Հայաստանում գրքային քաղաքականության զարգացմանը, այնպես էլ դրսում հայ գիրքը ընդունելի և ճանաչելի դարձնելուն և դրան ուղղված մի շարք միջոցառումներ է իրականացնում»,- ասաց նա և նշեց, որ փետրվարի 19-ին նախարարությունը նախատեսում է այցելել գիշերօթիկ դպրոցներ, զորամասեր և «Դարձիր գրադարանի բարեկամ» ծրագրի շրջանակներում երեք հազարից ավել գրքեր նվիրելու են սահմանամերձ գյուղերի դպրոցներին:
Նա նշեց, որ նախարարությունը ինչպես նախաձեռնող է, այնպես էլ այլ ազդակների աջակցողը, և մասնավոր դաշտից ցանկացած լուրջ ծրագիր նախարարության ուշադրության է արժանանում:
«Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը նշեց, որ հրատարակչությունները մեծ պատասխանատվությամբ են մոտենում գիրքը հասարակության մեջ ներառելու խնդրին և դրան ուղղված բազմակողման ծրագրեր են իրականացնում:
Նա նշեց, որ հիմա շատ է կարևորվում գրքի որակը, շեշտ է դրվում տպագրական տեսքի վրա: «Որքան մեծ ուշադրություն ենք դարձնում գրքին, որքան բարձր որակի գրականություն ենք թարգմանում, այդքան հետաքրքրությունը գրքի նկատմամբ շատանում է»,- ասաց նա:
Նա նշեց, որ իրենք ծրագրեր են իրականացնում ոչ միայն գիրք նվիրելու տոնի առիթով, այլ նաև ամբողջ տարվա կտրվածքով և այդ առումով կարևորեց «Ամառայի ընթերցանության» ծրագիրը. «Հայաստանի գրախանութները ունենում են փոքրիկ տաղավար, որտեղ 30 գիրք է տեղավորվում, և ընթերցողը կարող է գնել մի գիրք, իսկ հետո բերել փոխել ուրիշ գրքի հետ, այսինքն՝ վճարում են մեկ գրքի գումար, կարդում են 30 գիրք»:










