Այստեղ ենք լինելու, մինչև իրական մարդասպանները պատժվեն. Ստամբուլում մեկնարկել է Դինքի գործով նոր դատավարությունը

14:45 • 19.04.16

Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում այսօր մեկնարկել է պոլսահայ լրագրող, «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր դատավարությունը, գրում է «Ակօս»-ը։

 

Մինչ դատական նիստի մեկնարկը՝ դատարանի մոտ հավաքված Դինքի ընկերները մամուլի հաղորդագրություն են տարածել։


Նրանք նշել են, որ պաշտոնյաները դատարանի առաջ են կանգնել միայն «իշխանության պայքարի» շրջանակներում։


«Այսօր մեր ընկերոջ սպանությունից 9 տարի 3 ամիս է անցել։ Այսօր այս դատական առաջին նիստին մասնակցելու համար ենք այստեղ։ Այս հողերի խղճի ձայնը դարձած Հրանտ Դինքի իրական սպանողներին գտնելու համար առաջին իսկ օրից մեր մղած իրավական պայքարի ընթացքում մատնացույց արած մասերին դեռ նոր են անդրադառնում... Տեսնենք՝ միայն նայելո՞վ են բավարարվելու, թե՞ տեսնելու են պարզ իրականությունը»,-ասել են նրանք։


Նրանք նշել են, որ պաշտոնյաներն այդ սպանության վրա աչք են փակել, անգամ՝ դրդել են դրան,և այժմ նրանց մի մասը դատարանի առաջ է կանգնել։

 

Դատավարությունը տևելու է 3 օր։ Դինքի ընկերները խոստանում են հետևել դրան և հետամուտ լինել արդարության հաղթանակին։

 

«Այստեղ ենք լինելու, մինչև իրական մարդասպանները, պատժի արժանիները պատժվեն, այս ստոր սպանության համար բոլոր հանցակիցները պատասխան տան... Քանի դեռ մենք չենք ասել վերջ, այս դատավարությունը չի կարող ավարտվել»,-ասված է հայտարարության մեջ։
 

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանության գործով պետական պաշտոնյաների դեմ մեղադրական եզրակացություն պատրաստած դատախազ Գյոքալփ Քյոքչուն ավելի վաղ հեռացվել է խմբագրապետի գործի քննությունից և տեղափոխվել է այլ պաշտոնի։


Դատախազ Քյոքչուն Դինքի գործով զբաղվում էր 2014 թվականի դեկտեմբերից: Նրա քննության արդյունքում Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահի, Ոստիկանության հետախուզության բաժնի պետ Էնգին Դինչի և ոստիկանության նախկին 26 աշխատողների նկատմամբ քննություն էր սկսվել: Նրա պատրաստած մեղադրական եզրակացությունն ուղարկվել էր դատարան: