Nvidia-ի նախկին ղեկավարին կանչել են Սենատ՝ ՉԺՀ ենթադրյալ լրտեսի հետ կապի պատճառով
ԱՄՆ Սենատի բանկային կոմիտեի նախագահ Թիմ Սքոթը նամակ է հղել Nvidia-ի նախկին գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ խնդրելով ներկայանալ բաց լսումների՝ չինական հետախուզության համար աշխատելու մեջ կասկածվող կնոջ հետ նրա արտաամուսնական հարաբերությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես գրում եմ խնդրանքով, որ դուք կամավոր ներկայանաք Բանկային, բնակարանային և քաղաքային գործերի կոմիտե 2026 թվականի դեկտեմբերի 3-ին՝ մասնակցելու վերջին հրապարակումներին վերաբերող բաց լսումներին, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում ազգային անվտանգության ոլորտում»,- ասվում է սենատորի նամակում։ Նա նախազգուշացրել է, որ կոմիտեն պատրաստ է դատարանի միջոցով պաշտոնական ծանուցագիր դուրս գրել՝ Հուանգի չներկայանալու դեպքում։
Ինչպես գրում է Politico թերթը, նմանատիպ նամակ է ուղարկվել ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկին, որին Nvidia-ի շուրջ ծագած սկանդալի ֆոնին քննադատում են այն բանի համար, որ նա բավարար չափով չի սահմանափակել արհեստական բանականության ոլորտում կիրառվող չիպերի մատակարարումները Չինաստան։
Ավելի վաղ Հուանգը հեռացել էր արհեստական բանականության համար չիպեր արտադրող համաշխարհային առաջատար Nvidia ընկերության գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոններից, ինչպես նաև դուրս էր եկել ընկերության տնօրենների խորհրդից։
Նոյեմբերի 8-ին Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտնել էր Հուանգի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին։ Նա խոստովանել էր ռոմանտիկ հարաբերությունների մեջ լինելը մի կնոջ հետ, որին կասկածում էին ՉԺՀ-ի օգտին լրտեսություն անելու մեջ։ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ զրպարտություն է համարում Հուանգի հետ կապված կնոջ՝ չինական հետախուզության համար աշխատելու մասին պնդումները։










