«Բոլոր ազգերը դրախտը փնտրում են հայկական լեռնաշխարհում, իսկ հայը՝ օտար երկրներում». տեղի ունեցավ Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը» ցուցահանդեսը
Ապրիլի 19-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ագեան պատկերասրահն ու Անտիկյան պատկերասրահը ներկայացրեցին Արարատ Սարգսյանի «Որտեղ փնտրել դրախտը» խորագրով ցուցահանդեսը։
««Որտեղ փնտրել դրախտը» շարքի աշխատանքներս սկսեցի այն ժամանակ, երբ նկատեցի, որ հայերը լքում են Հայաստանը՝ պատճառաբանելով վատ պայմանները։ Կարճ ժամանակ անց հանդիպելով նրանց դրսում՝ լսում էի՝ «սա էլ է վատ երկիր, շուտով հետ Հայաստան պետք է գնանք...»։
Այսինքն` մարդն իր ամբողջ կյանքում փորձում է դրախտ գտնել. այդպես ես մտահղացա «դրախտ»-ի գաղափարը։ Արևմտյան եկեղեցիները դրախտը տեղադրում էին հայկական լեռնաշխարհում, քանի որ, ըստ հին կտակարանի, դրախտը այնտեղ է, որտեղից բոլոր ջրերն են սկսվում։ Ակցենտը դրեցի նրա վրա, որ բոլոր ազգերը դրախտը փնտրում են հայկական լեռնաշխարհում, իսկ հայը՝ օտար երկրներում»,-Tert.am Youth-ին պատմեց Արարատ Սարգսյանը։
Արարատ Սարգսյանը 12 տարվա ընթացքում հավաքել է խաչքարերի նկարներ ու տպագրել իր ձեռքով պատրաստած թղթի վրա: Բացման երեկոյի ընթացքում նկարիչը ներկայացրեց թուղթ պատրաստելու դարերից եկած ավանդույթը:
Նկարիչ և քանդակագործ Արարատ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է, բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի և արվեստի միջազգային ասոցիացիայի անդամ:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունենում նաև վաճառք, որի հասույթի 40%-ը կնիվիրաբերվի ՀԱՀ Հայ դասական գրականության թվանշային գրադարանին, հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով։
Ամերիկյան համալսարանի հասարակայնության կապերի, շրջանավարտների և կարիերիայի զարգացման բաժնի ղեկավար Զարմինե Զեյթունցյանն էլ նշեց, որ ցուցահանդեսները կկրեն շարունակական բնույթ։
«Ագեան պատկերասրահն ու Անտիկյան պատկերասրահը միասին այս տարվա ընթացքում կներկայացնեն մոտ չորս խմբակային կամ անհատական ցուցահանդես։ Հաջորդ ցուցահանդեսը տեղի կունենա երկու ամիս հետո, որը նվիրված է լինելու Ամերիկյան համալսարանի 25 ամյակին»,-նշեց Զարմինե Զեյթունցյանը։
Ցուցահանդեսը դիտելու և արվեստի գործերը ձեռք բերելու նպատակով այցելեք 40 Մարշալ Բաղրամյանի պող., ՀԱՀ, Փարամազ Ավետիսյան մասնաշենք, 4-րդ հարկ, Ագեան պատկարասրահ։ Ցուցահանդեսը բաց կմնա մինչև 2016 թվականի մայիսի13-ը:










