Քաղաքական մակարդակում ՀՀ-ՆԱՏՕ մերձեցում առանձնապես չեմ տեսնում. Աղասի Ենոքյան

21:21 • 11.07.16

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԼՂ հիմնախնդրի քննարկումը կարևոր է այն առումով, որ ցույց տրվեց, որ Ռուսաստանը սանկտպետերբուրգյան հանդիպմամբ այս հիմնախնդրի լուծման հարցում մենաշնորհային դիրքերում չի լինի, խնդրի լուծումը պետք է լինի ավելի մեծ ձևաչափով. Tert.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նա նշեց, որ Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում դա ավելի շեշտվեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումով: «Նորից խոսվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որ պետք է հետաքննության մեխանիզմներ լինեն: Սերժ Սարգսյանն այնտեղ հստակ ասաց, որ տարածքային փոփոխություններն ինչի համար են: Կարծում եմ, որ բոլորիս համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովվում է այդ տարածքներով, և մենք պատրաստ ենք այդ տարածքները զիջել, եթե Ղարաբաղին տրվի ավելի բարձր անվտանգության  երաշխիք: Իսկ դա կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը»,- ասաց քաղաքագետը:

Դիտարկմանը, թե հիմա ԼՂ ինքնորոշման անհրաժեշտության մասին հայկական կողմը բոլոր ամբիոններից է բարձրաձայնում, Աղասի Ենոքյանն ասաց, որ ժամանակին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության պատճառով այդ կետը հետ էր մղվել, սակայն երկրի ներկայիս ղեկավարությունը նորից վերադարձավ այն դիրքորոշմանը, որ առաջնային պետք է լինի Արցախի անկախությունը:

Աղասի Ենոքյանի հետ խոսեցինք նաև ընդհանրապես ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների, դաշինքին՝ Հայաստանի հնարավոր անդամակցության մասին։

Դիտարկմանը, թե այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իր կարծիքով Հայաստանը չպետք է լինի մի ռազմական միության կազմում, որտեղ Թուրքիան է, նա պատասխանեց. «Նրա հայտարարությունը խոստովանություն է, որ մենք ընտրության հնարավորություն չունենք և ՀԱՊԿ մտել ենք զոռով։ Նման հայտարարությունը ոչ քաղաքագիտական է, էմոցիոնալ է, որովհետև ՆԱՏՕ-ն ունի նաև ներքին զսպման  մեխանիզմներ, և եթե Հայաստանն ու Թուրքիան լինեն միևնույն անվտանգության համակարգում, ապա երկուսի անվտանգությունը լավագույնս կարող է երաշխավորվել»:

Աղասի Ենոքյանը նկատեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում մերձեցում կա միայն շփումների մակարդակում:  «Քաղաքականության մակարդակում առանձնապես մերձեցում չեմ տեսնում, մանավանդ գագաթաժողովը բավական հստակ նշանակեց Ռուսաստան-ՆԱՏՕ կոնֆրոնտացիայի  խորացումը, իսկ Հայաստանին շատ հաճախ նայում են որպես Ռուսաստանի ռազմաքաղաքական հավելված, և հնարավոր է, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չտա մասնակցի հետագա հանդիպումներին»,-ամփոփեց Աղասի Ենոքյանը: