Հալեպում հայ զինծառայող է զոհվել

17:37 • 11.07.16

Հալեպում բախումների ընթացքում զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող, 1994 թվականին ծնված Փանոս Աղազարյանը, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը:

 

Երեկվանից Հալեպում իրադրությունը չափազանց լարվել է: Երեկ առավոտյան հրթիռակոծությունների, բախումների, պայթյունների և հրաձգության ձայները քաղաքում սաստկացել են:


Բախումների հետևանքով պողոտաների վրա պայթուցիկներ ու փամփուշտներ են տեղում: Հրթիռներ են պայթել տարբեր շրջաններում:


Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքը ցնցվել է:


Մունշիե, Բոսթան Քըլ Ապ, Ճտեյտե, Աշրաֆիե, Շեյխ թահա և այլ շրջաններ հրթիռակոծվել են ահաբեկչական խմբավորումների կողմից:


Ահաբեկչական խմբավորումները փորձել են թափանցել հատկապես Ճտեյտեի և Հին Հալեպի շրջանները, սակայն սիրիական բանակը հետ է մղել թափանցման այդ փորձերը:


Բնակչությանը կոչ է արվում տեղավորվել բնակարանների առավել ապահով, պատուհաններից հեռու հատվածներում՝ վտանգներից հնարավորինս զերծ մնալու համար:

nahadag-edited