Կացնահարված կինն ու նրա հայրը արդեն խոսում ու քայլում են
Երևանում հուլիսի 8-ին կացնահարված 37-ամյա Թագուհի Մանսուրյանն ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանը «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից երեկ տեղափոխվել են հիվանդասենյակ՝ նյարդավիրաբուժության բաժանմունք: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
«Գիտակցություն ունեն, վիճակը կայուն է, բուժումը կշարունակեն հիվանդասենյակում: Կամաց-կամաց քայլում են: Նրանց նոր վիրահատություն չի սպասվում»,- ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ Թագուհին ու նրա հայրը ստացել էին բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ: Նախկին ամուսին ու փեսա 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնով սպանել էր զոքանչին ու հարվածներ էր հասցրել նաև նրանց գլխին՝ գլխուղեղի բաց վնասվածքներ հասցելով:
Ըստ այդմ՝ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են: Բացի գլխից, նրանք բազմաթիվ վնասվածքներ ունեն նաև մարմնի վրա:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով:
Հարևանները պատմել են, այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխային տեսակցելու խնդիրը:










