Ջավախքում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածյալի մայրը ազգությամբ հայ է, հայրը՝ վրացի. մանրամասներ

20:11 • 11.07.16

Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի 4 անդամների սպանության մեջ կասկածյալի մայրը հայ է, հայրը՝ ազգությամբ վրացի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վաչիան գյուղի բնակիչ Ռուզաննա Ս.-ն:

«Նոդարը, ով կասկածվում է սպանության մեջ, ունի նաև մեկ եղբայր: Մայրը ազգությամբ հայ է, հայրը՝ վրացի: Մայրը ծննդավայր Վաչիան գյուղ էր վերադարձել ամուսնալուծությունից հետո՝ իր հետ բերելով նաև երկու որդիներին: Տղաները խելոք, շնորհքով երիտասարդներ էին, որևէ տարօրինակ բան չենք նկատել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Ջավախք տարածաշրջանի Վաչիան գյուղում մահացած են գտել նույն ընտանիքի չորս անդամներին: Տեղի բնակիչներից Ռուզաննա Ս.-ն Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց իսկ տանը հայտնաբերել են Խաչոտյան Վաղինակի ընտանիքի չորս անդամների` 37-ամյա կնոջը և երեք` 5, 16 և 18-ամյա երեխաների դիերը: Սպանությունը տեղի էր ունեցել դիերը գտնելուց երկու օր առաջ:

Տեղի ոստիկանության հաղորդած նախնական տվյալների համաձայն` մոր և աղջիկների մարմիններին հարվածներ են հասցրել բութ գործիքներով, իսկ հնգամյա որդուն խեղդամահ են արել:

Բեթղեհեմ Արաբյան