Ֆրանսիացի ձկնորսները պորտուգալական սուզանավ են «որսացել»

22:31 • 12.07.16

Պորտուգալական Tridente սուզանավը հայտնվել է ֆրանսիական Daytona ձկնորսական նավի ցանցում:  Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Ատլանտյան օվկիանոսի ֆրանսիական գոտու պրեֆեկտուրայի կայքում: 

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին` Լիզարդ կղզու հրվանդանից 55 կմ հեռավորությամբ, որը Մեծ Բրիտանիա կղզու ամենահարավային կետն է: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավիճակից հաջողվել է դուրս գալ նաև առանց նյութական վնասի: 

Daytona նավի անձնակազմն առավոտյան ձկնորսությամբ է զբաղվելիս եղել: Այդ նույն ժամանակ սուզանավը ջրի տակ է գտնվելով տարբեր հնարքներ է կատարել բրիտանական ռազմածովային նավատորմի նավերի հետ միասին: Արդյունքում այն հայտնվել է ձկնորսական ուռկանում: Սուզանավն օպերատիվ կերպով ջրի երես է դուրս եկել և կապ հաստատել ձկնորսական նավի հետ: