Ֆրանսիական քաղաքը կարգելի փարիզաբնակների մուտքը

23:53 • 12.07.16

Ֆրանսիական մայրաքաղաքից հարավ գտնվող Լինա քաղաքի քաղաքապետ Ֆրանսուա Պելետենը ցանկանում է արգելք սահմանել հանգստի մեկնող  փարիզեցիների համար արձակուրդների շրջանում ավտոմեքենաներով անցնել քաղաքի փողոցներով: 

Euromag-ի փոխանցմամբ` քաղաքապետը նշել է, որ իր քաղաքացիները հոգնել են հազարավոր աղմկոտ ու մթնոլորտը աղտոտող մեքենաներից, որոնք շարաններով գալիս են մայրաքաղաքից` անցնելով N20 կենտրոնական մայրուղով, որը ձգվում է Փարիզից մինչև Իսպանիա:


Այս հանգամանքով պայմանավորված` քաղաքապետը մտադիր է արգելք սահմանել փարիզյան ավտոմեքենաների համար, իսկ արգելքը կգործի հուլիս և օգոստոս ամիսներին` ուրբաթ կեսօրից մինչև երկուշաբթի երեկո:


Բացի էկոլոգիական պայքարից` ֆրանսիացի քաղաքապետի այս որոշումը պատասխան է հանդիսանում հակաավտոմոբիլային միջոցառումներին, որոնք իրականացնում են մայրաքաղաքային իշխանությունները` փակելով մյուս քաղաքների բնակիչների մուտքը Փարիզ: