ՆԱՏՕ-ն այս անգամ ավելի հստակ է՝ ԼՂ խնդրի կարգավորման համար մեկ լեգիտիմ մանդատ կա, և դա ԵԱՀԿ ՄԽ-ն է. Ստյոպա Սաֆարյան

13:41 • 12.07.16

 

Բեռլինյան պատը փոխարինվում է վարշավյան պատով, բայց հաշվի առնենք, որ բոլոր պատերը մի օր քանդվում են. hետևելով ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովին հնչած դիտարկումներին, նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

«ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի հետքերով. ի՞նչ սպասել հետո» թեմայով փորձագիտական կլոր սեղանին նա մասնավորապես անդրադառնալով ԼՂ հակամարտությանը առնչվող հայտարարություններին` ասաց, որ ԼՂՀ հակամարտության մեջբերումը ուղղակիորեն բացակայում է, և այն զուտ անդրադարձ է հարավային Կովկասի հակամարտություններին:

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովը երկու խոշոր խնդիր հաստատապես լուծել է, առաջինը՝ հստակ նշել է խնդրի խաղաղ կարգավորման հրամայականը և երկրորդը՝ կոչ է արել կամ պահանջ է դրել կառուցողաբար ներգրավվելու կարգավորման գործընթացում և շարունակելու խնդրի խաղաղ կարգավորման որոնումները միջազգային ընդունված ֆորմատներում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ խոսվել է Մինսկի խմբի ֆորմատի ամրապնդման դիրքերից: «Համենայն դեպս ՆԱՏՕ-ն այս անգամ ավելի հստակ է դիրքավորվում և տարածություն վերցնում ղարաբաղյան հակամարտությունից և հաստատում, որ խնդրի կարգավորման համար մեկ լեգիտիմ մանդատ կա, և դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է»,- ասաց նա: