«Ինքն ուղղակի կոծկվում է երեխայի տեսակցության ներքո, միշտ հարձակվել ու ծեծել է ինձ». կացնահարված կինը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

16:32 • 12.07.16

 

«Էրեբունի» հիվանդանոցում բուժվող 37-ամյա Թագուհի Մանսուրյանը, ում նախկին ամուսինը կացնահարել էր հուլիսի 8-ի գիշերը՝ սպանելով նրա մորը ու վնասվածքներ հասցնելով հորը, Tert.am-ի հետ զրույցում պատմում է իր ընտանեկան ողբերգության մասին:

«Բազմիցս ինձ ծեծի է ենթարկել: Ինքն ուղղակի կոծկվում է երեխայի տեսակցության հետ կապված, բայց ինքը երեխա չի ուզում տեսնի, որովհետև ինքը երբեք պատշաճ կերպով չի եկել երեխային տեսնելու, ինքը միշտ հարձակվել ու ինձ ծեծել է փողոցում», - Tert.am-ի հետ զրույցում պատմեց Թագուհին:

Ամուսնու կողմից գլխին, ուսին ու փորին կացնի խորը վնասվածներ ստացած Թագուհին տեղյակ չէ, որ ամուսնու հարվածներից մայրը մահացել է:

Հիշեցնենք, որ նրա նախկին ամուսինը՝ 31-ամյա Վլադ Մարտիրոսյանը, ոստիկանությանն ու «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ ասել էր, որ, չնայած դատարանի որոշմանը, Թագուհու ընտանիքը իրեն թույլ չի տալիս տեսակցել երեխային:

«Մեկ անգամ տեսակցել է ԴԱՀԿ-ի «Հեքիաթ» սրահում, ... հետո, որ փողոցում սկսեց հարձակվել, խփել ինձ, էլ չէի տանում երեխային, որ տեսներ: Բացի դա, չէր վճարում ալիմենտը ուղիղ մեկ տարի է»,- պատմեց Թագուհին:

Կացնահարված կինը հերքում է, թե ամուսինը նվերներով գնացել է երեխայի ծնունդին ու ինքը թույլ չի տվել, որ տեսնի նրան: «Նման բան չի եղել, երբեք նվերներով չի եկել երեխային տեսնելու, ընդամենը դա եղել է առաջին անգամ ԴԱՀԿ ծառայության տեսակցության ժամանակ»,- ասաց կինը՝ հավելելով. «Ես էլ շատ կուզեի, որ երեխան հայր ունենար, բայց հիմա գտնում եմ, որ էդպիսի հայրը երեխային պետք չէ»:

Ըստ Թագուհու՝ իր ու ամուսնու վիճաբանությունն սկսվել է այն պահից, երբ   ամուսինը պահանջել է իրեն գրանցել իր ծնողների տան վրա:  

Պարզվում է՝ Թագուհու ընտանիքի վրա հարձակումը տեղի է ունեցել հերթական անգամ ոստիկանություն դիմելու օրը: Ասել է թե՝ իրավապահ մարմինները չեն կարողացել կանխել ողբերգական դեպքը: Թագուհին պատմեց, որ իր ծննդյան օրը՝ ամսի 7-ին, նախկին ամուսինը հարձակվել և ծեծի է ենթարկել իրեն, որից հետո իրենք մոր հետ գնացել են ոստիկանություն, իսկ ոստիկանությունից գալուց հետո, շենքի մուտքում նախկին ամուսինը կացնով է հարձակվել իր ու մոր վրա:

Հիշեցնենք, որ Թագուհին ու նրա հայրը ստացել էին բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ: Նախկին ամուսին ու փեսա 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնով սպանել էր զոքանչին ու հարվածներ էր հասցրել նաև նրանց գլխին՝ գլխուղեղի բաց վնասվածքներ հասցելով:

Ըստ այդմ՝ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են: Բացի գլխից, նրանք բազմաթիվ վնասվածքներ ունեն նաև մարմնի վրա:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

 

 

 

«Ինքն ուղղակի կոծկվում է երեխայի տեսակցության ներքո, միշտ հարձակվել ու ծեծել է ինձ». կացնահարված կինը մանրամասներ է պատմում (տեսանյութ)