Թաթարստանում «հալալ» պոլիկլինիկա կբացվի

14:45 • 12.07.16

«Вакф Республики Татарстан» հիմնադրամի ղեկավար Ռուստամ Հաբիբուլինը հայտնել է, որ Կազանում բացվելու են «հալալ» պոլիկլինիկա և առողջարան, որոնք աշխատելու են շարիաթի պահանջներին համապատասխան։ Այդ մասին հաղորդում է Թաթարստանի մուսուլմանների հոգևոր վարչության կայքը։

 

«Այժմ ընթանում են պոլիկլինիկայի շենքի կառուցման համար նախատեսված տարածքի նախապատրաստական աշխատանքներն ու շինանյութերի առաքումը։ Բժշկական կենտրոնն ապահովված է լինելու ամենաժամանակակից սարքավորումներով ու տեխնիկայով»,- մանրամասնել է Հաբիբուլինը։

 

Նշվում է, որ նախնական գնահատականով ծրագրի արժեքը կազմելու է 6,7 միլիոն դոլար։

 

Շարիաթն իսլամի կրոնական և իրավական նորմերի ժողովածուն է, որը կառավարում է մուսուլմանների կյանքի բոլոր ոլորտները։ «Հալալ» հասկացությունը ենթադրում է այն ամենը, ինչ թույլատրված է իսլամի հետևորդներին։