Անկարայում և Ստամբուլում անվտանգության նկատառումներով փակվել են Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները

15:25 • 13.07.16

Անվտանգության նկատառումներով փակվել են Անկարայում տեղակայված Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում այդ երկրի գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին ասված է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան հայտարարությունում, գրում է РИА Новости-ն:

 

«Անկարայում մեր դեսպանատունը և Ստամբուլում գլխավոր հյուպատոսությունը փակ են հուլիսի 13-ի ժամը 13:00-ից։ Դա արվել է անվտանգության նկատառումներով՝ մինչ հետագա հրահանգները: Այդ որոշման մասին տեղեկացվել են թուրքական իշխանությունները, որոնց հետ մենք մշտական կապի մեջ ենք»,- ասված է ֆրանսիական դիվանագիտական առաքելության հայտարարությունում:

 

Հաղորդվում է նաև հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով Անկարայի ֆրանսիական դեսպանատանը և Ստամբուլում ու Իզմիրում գլխավոր հյուպատոսություններում միջոցառումների չեղյալ հայտարարման մասին: