Juno-ն Երկիր է փոխանցել Յուպիտերի առաջին լուսանկարները
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության`ՆԱՍԱ-ի Juno արբանյակը, որը պատմական ուղևորություն է կատարել դեպի Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը, Երկիր է ուղարկել Յուպիտերի առաջին լուսանկարները:
Ինչպես նշվում է ՆԱՍԱ-ի կայքում, լուսանկարներում պատկերված են գազային հսկան ու դրա արբանյակները: Դրանցում երևում է Յուպիտերի վրայի մեծ կարմիր լաքան, ինչպես նաև մոլորակի արբանյակներից 3-ը`Իոն, Եվրոպան և Գանիմեդը։
Հայտնի է, որ տվյալ կադրը ֆիքսելու պահին Juno-ն Յուպիտերից գտնվել է 4.3 մլն կմ հեռավորության վրա: Ավելի բարձր լուծաչափով ու պարզ լուսանկարներն արվելու են օգոստոսի 27-ին, երբ սարքն ավելի կմոտենա մոլորակին:
Ըստ մասնագետների՝ Juno-ի համակարգերը ներկայում անխափան են աշխատում Յուպիտերի ծայրահեղ պայմաններում`մասնավորապես գերբարձր ճառագայթային ներգործության ֆոնին:
![]()










