Ավանում բացվեցին ԱՄՆ կառավարության կողմից մոտ 16 մլն ԱՄՆ դոլարով կառուցված լաբորատորիաները
Ավան վարչական շրջանի Դավիթ Մալյան 37 հասցեում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության աջակցությամբ բացվեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենտ լաբորատորիան ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենտ լաբորատորիաները:
Լաբորատորիաները բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազման գործակալության համատեղ սպառնալիքների ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջը:
Բացման խոսքում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը և կարևորեց Հայաստանում նման լաբորատորիաների առկայությունը:
Սերգո Կարապետյանն էլ իր խոսքում ասաց, որ երկու լաբորատորիաների բացումը եղել է տարիների երազանք. «Տարիներ շարունակ մենք ձգտել ենք, որպեսզի անասնաբուժության և անասնապահության ոլորտում մենք ունենանք համաշխարհային անասնաբուժության չափորոշիչներին համապատասխան անասնաբուժական ոլորտ և համապատասխան լաբորատորիա: Այսօր դա իրականություն է, և պատահական չէ, որ այս երկու լաբորատորիաները կողք կողքի են, որովհետև մարդկանց և կենդանիների առողջությունը շաղկապված են իրար»:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լաբորատորիաների բացման վերաբերյալ ասաց, որ ԱՄՆ և ՀՀ կառավարությունները համագործակցելով կառուցել են այս շենքերը, որպեսզի Հայաստանն ու տարածաշրջանը պաշտպանեն հատուկ ախտածիններից:
Դեսպանը հայտնեց, որ երկու պետությունների համագործակցության արդյունքում Հայաստանում կկառուցվի հինգ մարզային լաբորատորիաներ, որոնք կապված են լինելու կենտրոնական կառույցի հետ, իսկ վաղը բացվելու է մեկ մարզային լաբորատորիա:
Դոկտոր էլիզաբեթ Ջորջն էլ հայտնեց, որ ԱՄՆ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենտ լաբորատորի հիմնովին կառուցման համար ներդրել է 4.1 մլն ԱՄՆ դոլար, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենտ լաբորատորիայի վերանորոգման համար ԱՄՆ կառավարությունը տրամադրել է 9.8 մլն ԱՄՆ դոլար, ապահովելով շենքի սեյսմակայունությունը, ինչպես նաև կատարելով լաբորատոր և կառուցվածքային վերանորոգումներ: Նրա խոսքով`բացի այդ, ԱՄՆ կառավարությունը երկու կենտրոնական կառույցների համար գնել է 1.7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կահույք և նոր սարքավորումներ:
Ֆինանսական տվյալները ներկայացնելուց և Հայաստանի համար լաբորատորիաների առկայությունը կարևորելուց հետո Էլիզաբեթ Ջորջն ասաց, որ այս ամենն արդեն ապահովում է ամուր հիմքեր երկարաժամկետ համագործակցության համար:














