Լոս-Անջելեսում դժգոհում են սևամորթին սպանած ոստիկանին պատասխանատվությունից ազատելու որոշման դեմ

06:36 • 13.07.16

Երեքշաբթի Լոս-Անջելեսում բողոքի երթ է տեղի ունեցել ընդդեմ ոստիկանության դաժանության այն բանից հետո, երբ իշխանությունները որոշեցին պատասխանատվության չենթարկել սևամորթի սպանած ոստիկանին: Այս մասին հաղորդել է Los Angeles Times-ը:

Ըստ կայքի տվյալների՝ մի քանի հարյուր մարդ երթով անցել է քաղաքի փողոցներով՝ ոստիկանության շենքի մոտից մինչև քաղաքապետարան, որտեղ ցույց են կազմակերպել: Մեծամասամբ սևամորթներից բաղկացած ցուցարարները վանկարկել են «պահանջում ենք արդարություն», «դադարեք մեզ սպանել» կոչերը: Որոշ ցուցարարներ փորձել են ներխուժել քաղաքապետարանի ներս, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց կանգնեցնել: Մնացածը քաղաքապետարանի դիմաց նստացույց են սկսել:

Ավելի վաղ ոստիկանի կողմից սպանված 30-ամյա Ռադել Ջոնսի սպանության հետաքննության համար ստեղծված հանձնաժողովը ապացույցներ չի հայտնաբերել, որի հիման վրա ոստիկանին կարելի է մեղադրանք առաջադրել: Հանձնաժողովը եզրակացրել է, որ ոստիկանը չի գերազանցել իր լիազորությունները: