Փաստաբանը հերքում է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի տանը նռնակ հայտնաբերելու մասին լուրերը

13:42 • 13.07.16

Տեղեկատվությունը, թե Զախարի Կալաշովի՝ հայտնի «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի տանը նռնակ են հայտնաբերել, իրականությանը չի համապատասխանում:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Գոֆշտեյնը:

 

Ավելի վաղ իրավապահները հայտնել են, որ Կալաշովի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել են Մակարով տեսակի երկու ատրճանակ և Ֆ-1 տեսակի մեկ նռնակ:

 

«Նրա տանը զենք հայտնաբերելու մասին տեղեկատվությունը ծուղակ է: Ավելին, Կալաշովին ապօրինի զենք պահելու մեղադրանք չի ներկայացվել»,-ասել է պաշտպանը՝ նշելով, որ ձերբակալվածը չի ընդունել մեղքը:

 

 

Հայտնի է, որ հուլիսի 12-ին Կալաշովին մեղադրանք է ներկայացվել մոսկովյան Elements ռեստորանի սեփականատիրոջից 8 մլն ռուբլի շորթելու վերաբերյալ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Կալաշովին համարում են ռուսական հանցավոր աշխարհի առաջնորդներից մեկը: Երեք տարի առաջ նա զբաղեցրել է սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի տեղը: