Թուրքիան Եվրախորհրդարանին մեղադրել է «ահաբեկչության քարոզչության» համար
Թուրքիան Եվրախորհրդարանին մեղադրել է «ահաբեկչության քարոզչության» համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Համապատասխան հայտարարությունն արվել է Եվրախորհրդարանում բացված ցուցահանդեսի առնչությամբ, որտեղ ներկայացված են եղել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի մարտիկների, ինչպես նաև Թուրքիայում ազատազրկված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարները, գրում է РИА Новости-ն:
«Ահաբեկչության քարոզչությունն անհամատեղելի է խոսքի ազատության հետ: Եվրախորհրդարանի կողմից ահաբեկչական կազմակերպության քարոզչությունը, որի թիրախում ամեն օր գտնվում է Թուրքիայի խաղաղ քաղաքացիների կյանքը, անթույլատրելի է»,- հայտարարել է Քալընն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
«Այն փաստը, որ Եվրախորհրդարանը վերածվում է ահաբեկչական կազմակերպության գովազդի համար դաշտի, երկակի չափանիշների վառ ապացույցն է, որոնց մասին Թուրքիան խոսում է… Այս իրադարձության շնորհիվ հայտնի է դառնում եվրոպացի քաղաքական գործիչների իրական նպատակը, որոնք ամեն հարմար առիթով քննադատում են ահաբեկչության դեմ պայքարի թուրքական օրենքները»,- հավելել է Քալընը:
Նշենք, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։










