Թուրքիայի վարչապետը հայտարարել է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին

14:33 • 13.07.16

Թուրքիային հարկավոր է կարգավորել Սիրիայի հետ հարաբերությունները՝ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, գրում է РИА Новости-ն:

 

Նախօրեին Թուրքիայի կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ իր երկիրը պատճառ չունի Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի հետ թշնամության համար, ինչը Թուրքիայում գնահատվել է որպես Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ կոշտ առճակատման նախկին արտաքին քաղաքական կուրսի հնարավոր փոփոխություն:

 

«Մենք ընդլայնում ենք մեր ընկերների թիվը: Այդ ուղղությամբ քայլերն արդեն արվել են: Թուրքիան կարգավորել է հարաբերություններն Իսրայելի և Ռուսաստանի հետ: Վստահ եմ, որ նույնը տեղի կունենա Սիրիայի հետ հարաբերություններում: Մենք դրա կարիքն ունենք: Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի հաջող ավարտի համար պետք է ապահովվի կայունությունը»,- ասել է Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային բաժինների ղեկավարների խորհրդակցությանը:

 

Բինալի Յըլդըրըմն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրն ավելացնելու է բարեկամների թիվը, նվազեցնելու՝ թշնամիներինը։