ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուները պատմության մեջ առաջին անգամ հեռուստաբանավեճ են անցկացրել

09:22 • 13.07.16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուները համաշխարհային կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ հեռուստաբանավեճ են անցկացրել՝ նպատակ ունենալով 9-րդ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնել։

 

Հեռուստաբանավեճին մասնակցել է 10 թեկնածու։ Նրանցից յուրաքանչյուրին տրվել է որոշ ժամանակ՝ իր թեկնածությունը ներկայացնելու համար, ապա մեկական րոպե՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների և քննարկման մոդերատորների հարցերին պատասխանելու համար, նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Թեկնածուներին տրվել են ՄԱԿ-ի և աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին, տարբեր տարածաշրջաններում ճգնաժամերին, կառույցի և Անվտանգության խորհրդի բարեփոխմանը վերաբերող և այլ հարցեր։

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար են ցանկանում դառնալ Խորվաթիայի ԱԳ նախարար Վեսնա Պուսիչը, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Գուտերեշը, Արգենտինայի ԱԳ նախարար Սուսանա Մալկորան և այլք։

  

Հեռուստաբանավեճն անցկացրել է քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։