Ամբողջ երկիրը սպասում է խաղաղ լուծման, և կարծում եմ՝ ճանապարհը բաց է դեպի այդ լուծումը. Կայծ Մինասյանը Խորենացի փողոցի իրադարձությունների մասին

17:45 • 25.07.16

 

«Արդյուքներ կան, և չեմ կարող ընդունել կամ երևակայել, որ այդ դժբախտ դեպքը վայրենական ձևով պետք է լուծվի, որովհետև հայ ենք, որովհետև բոլոր մասնակցողները՝ և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները, և՛ ազատամարտիկները իրար ճանաչում են, բոլորն իրար բարեկամներ են, բոլորն էլ ռազմաճակատում նույն ձևով կռվել են»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

Նա հետևել է և հիմա էլ շարունակում է հետևել Հայաստանում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանական շենքը գրավելուն հետևող իրադարձություններին:

«Չճանաչված անձեր այնտեղ չկան: Բոլորը հայ են, բոլորը պետք է դիվանագիտական բանակցությունների սեղանի շուրջ նստեն, և որքան արագ, այնքան լավ»,- ասաց նա: Նշեց, որ ինքն էլ այն կարծիքին է, որ խմբավորումն այդ քայլին է դիմել, քանի որ երկրում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում. ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, ո՛չ ռազմաքաղաքական ոլորտները չեն բարելավվում:

Հարցին, թե ինչ է կարծում՝ ինչպես ստացվեց, որ զինված խմբավորումն ի վերջո բոլոր պատանդներին ազատ արձակեց, Կայծ Մինասյանը պատասխանեց. «Լավ է, որ այդպես վարվեցին. բանակցությունների արդյունքն է, որովհետև ոստիկանության շենքում գտնվող տղերքն անպատասխանատու չեն, գիտեն, թե ինչ է կյանքի արժեքը: Նրանք ցանկանում են, որ ժողովրդի միտքն արթնանա, որ մեր ժողովրդի արժանապատվությունը հարգվի: Ուրիշ ոչինչ: Դժբախտությունն այն է, որ դրան հասնելը մեկ մարդու կյանք արժեցավ. ոստիկան մահացավ, ազատամարտիկ վիրավորվեց, և շարունակում են  բանակցությունները: Լսել եմ, որ նախագահը ցանկացել է Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպել, թող հանդիպեն, և ամեն ինչ անեն, որ հարցը խաղաղ ձևով լուծվի, մենք ցույց տանք ամբողջ աշխարհին, որ մեր ներքին հարցերը խաղաղ ձևով կարող ենք լուծել»:

Դիտարկմանը՝ թե՛ բանակցային, թե՛ իրավիճակը մեղմելու գործընթացներում ներգրավվող մարդիկ, ինչպես օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, արժանանում են քննադատության, Կայծ Մինասյանը պատասխանեց. «Կարևոր չէ, որ մի անձի արժանապատվությունը վիրավորվում է, դրա մեջ վիրավորական բան չկա: Պետք է, որ բանակցությունները շարունակվեն: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի արժանապատվությունը չվարկաբեկեցին, իր հետ ուրիշները պետք է մասնակցեն բանակցություններին. պետք  է գալ, համոզել իշխանություններին, որ պետք է սեղանի շուրջ նստել և լուծել այդ հարցը»:

Կայծ Մինասյանը նկատեց, որ երկրի ղեկավարն անձամբ է  ցանկանում գործընթացն ամբողջությամբ ղեկավարել. «Լավ է, որ ինքը համոզված է, որ շահ չունի՝ այդ հարցը բռնի ձևով լուծելու»։

Նորից անդրադառնալով Խորենացի փողոցում որպես բանակցողներ կամ իրավիճակը հանդարտեցնողներ ներկայացողներին՝ Կայծ Մինասյանն ասաց. «Այսօր Վիտալի Բալասանյան է, հետո՝ Նիկոլ Փաշինյան, մյուս օրը չգիտեմ ով է, վնաս չունի. հերոսները թող գան, անցնեն, թող բանակցեն և այլն, ուրիշ ճար չկա: Ամբողջ երկիրը սպասում  է խաղաղ լուծման և  կարծում եմ՝ ճանապարհը բաց է դեպի այդ լուծումը»:

Դիտարկմանը, թե «Սասնա ծռեր» խմբավորման անդամներն անընդհատ ահազանգում են, թե իրենց վրա հարձակում է նախապատրաստվում, Կայծ Մինասյանը պատասխանեց. «Բնական է, որ Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ ազատամարտիկները ոչինչ չեն կարող անել. այդ ճնշումները բնական են, բայց ճնշումներ գործադրելն ու հարձակման անցնելը տարբեր բաներ են: Հույս ունեմ, որ իշխանությունները չեն գնա այդ քայլին»: