Սպասեք զարգացումների. Ոստիկանությունում չեն կարծում, որ ուղղաթիռներով ու դիպուկահարներով սրում են իրավիճակը
ՀՀ ոստիկանությունում «չեն կարծում», որ ՊՊԾ գնդի տարածք ուղղաթիռներ, անօդաչու սարքեր, դիպուկահարներ ուղարկելով կարող են վիժեցնել «Սասնա ծռերի» հետ իշխանության բանակցությունները ու մղել զինված բախման: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը:
Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն տարածեց, որ նոր ուղղաթիռներ են ուղևորվել Երևան. «Երեք ժամ առաջ հայտնել էինք, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երևան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: Դրանից 10 րոպե չանցած նկատվել էր երկրորդ ուղղաթիռը: Այժմ հայտնում ենք, որ մեկ ժամ առաջ անցավ երրորդ ուղղաթիռը և հենց նոր անցավ չորրորդը: Երրորդ և չորրորդ ուղղաթիռները թռնում են Արագածի մոտից՝ բավական բարձրության վրա, մեծ հավանականությամբ նրանք դուրս են գալիս Արագածի հենց ետևից, հետևաբար նրանք 102-րդ բազայինն են: Այս ընթացքում Երևանից ետ չեն վերադարձել 4 ուղղաթիռներից որևէ մեկը: Նրանց մոտավոր ուղղությունն է՝ Օշականի վրայով, Սասունիկի մոտով դեպի Երևան»։
Հարցին, թե ինչ նպատակ ունեն ոստիկանության գործողությունները գրավված ՊՊԾ գնդի շուրջ և արդյոք դա գրոհի նախապատրաստությո՞ւն է, Գաբրիելյանը չպատասխանեց. «Սպասեք զարգացումների»:
Հիշեցնենք, որ մոտ երկու ժամ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածում անօդաչու թռչող սարքեր են եղել և հնչել են կրակոցներ: Իսկ երեկ գիշերն իրավապահները փորձել են քանդել ՊՊԾ գնդի պատը Գլինկայի փողոցից և ներս մտնել, ու երկու ուղղաթիռներ են թռել գնդի վրայով, որոնց մեջ, ըստ «Սասնա ծռերի», դիպուկահարներ են եղել: «Սասնա ծռեր» նախաձեռնող խմբի անդամներն արդեն իսկ դատապարտել են այս գործողությունները՝ նշելով, որ դա դեմ է բանակցային ոգուն:
Հարցին, թե եթե բանակցային գործընթաց է գնում, ոստիկանությունում չեն կարծում, որ այդ գործընթացը կարող է վիժեցվել և հրահրվել զինվածային բախում, Զարզանդ Գաբրիելյանը պատասխանեց. «Չեմ կարծում: Բանակցություններ են ընթանում, սպասեք զարգացումների»:










