Adidas-ը դատի է տվել Ecco-ին՝ մեղադրելով իր կոշիկի դիզայնը կրկնօրինակելու մեջ

16:23 • 25.07.16

Սպորտային հագուստի գերմանական արտադրող Adidas-ը դատի է տվել դանիական Ecco–ին՝ ընկերությանը մեղադրելով իր կոշիկի մոդելների դիզայնը կրկնօրինակելու մեջ: Այդ մասին այսօր հայտնել է դանիական ինտերնետային պորտալ finans.dk-ն՝ վկայակոչելով ամերիկյան Օրեգոն նահանգի դատարաններից մեկը Adidas-ի ներկայացրած հայցադիմումը:

«Ecco-ի գործողությունները ցույց են տալիս ընկերության նպատակային և չարամիտ ձգտումը օգտագործել երեք գծերով հայտնի բրենդի նկատմամբ վստահությունը, ինչը զգալի և անուղղելի վնաս է հասցրել Adidas-ին»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ 2008 թվականին Adidas-ը շահել է Payless Shoesource կոշիկի խանութների ամերիկյան ցանցի դեմ 65 միլիոն դոլար արժողությամբ դատական գործը։ Դատարանը Payless Shoesource մեղավոր է ճանաչվել Adidas-ի մոդելները կրկնօրինակելու և գերմանական ընկերության ապրանքանիշն անօրինական կերպով օգտագործելու մեջ: Ընդ որում՝ փոխհատուցման նախնական չափը, որը հետագայում նվազեցվել է, եղել է 305 միլիոն դոլար: