Իրանում իշխանությունները վերացրել են 100.000 հատ արբանյակային ալեհավաք
Իրանում իշխանությունների հրահանգով կիրակի օրը ոչնչացվել է քաղաքացիներից առգրավված 100.000 հատ արբանյակային ալեհավաք ու ընդունիչ, որոնց միջոցով շարքային իրանցիները դիտել են արևմտյան ալիքներ:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, սարքավորումների ոչնչացման արարողությանը տեղի է ունեցել Թեհրանում` գեներալ Մոհամադ Ռեզա Նաղդի ներկայությամբ: Վերջինն ասել է, որ արևմտյան արբանյակային հեռուստաալիքները հակաբարոյականության քարոզ են իրականացնում իրենց երկրում:
«Իրականում արբանյակային ալիքները հասարակությանն այլասերում են բարոյապես ու մշակութային առումով: Այս հեռուստատալիքների տարածման հետևանքով Իրանում շատացել են ամուսնալուծությունները, թմրամոլությունն ու հասարակությունն առավել խոցելի է դարձել»,-ասել է գեներալը:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ըստ իրանական օրենքների, արբանյակային ալեհավաքների ու ընդունիչների վաճառքը և օգտագործումն արգելված է ու պատժվում է 2.500 եվրո չափով տուգանքով:
Բացի այդ իրանցի ոստիկանները պարբերաբար խուզարկություններ են իրականցնում քաղաքացիների տան կտուրներում ու ալեհավաք հայտնաբերելու դեպքում` առգրավում այն:










