Սիրիացի փախստականը Գերմանիայում ահաբեկչություն է իրականացրել

08:44 • 25.07.16

Գերմանական Անսբախ քաղաքում 27-ամյա  սիրիացի փախստականն ահաբեկչություն է իրականացրել, ինչի հետևանքով զոհվել է միայն ինքը, ևս 12 մարդ վնասվածքներ է ստացել:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, հզոր պայթյունը որոտացել է տեղի ժամանակով երեկոյան 10-ին`քաղաքի կենտրոնում գտնվող մարդաշատ ռեստորաններից մեկում:

 

Նշվում է, որ բոլոր տուժածներն այժմ հոսպիտալացված են. նրանցից 3-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

 

Սկզբում ԶԼՄ-ները ենթադրել են, որ պայթյունի պատճառը կարող է լինել գազի արտահոսքը, իսկ հետո ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն:

 

Իրավապահները մանրամասնել են, որ նախքան այս ահաբեկիչը բազմիցս հայտնվել է ոստիկանության տեսադաշտում:  Մոտ մեկ տարի առաջ իշխանությունները հրաժարվել են նրան փախստականի կարգավիճակ տալ, ինչից հետո երիտասարդն ինքնասպանության 2 փորձ է նախաձեռնել:

 

Ոստիկանությունը չի բացառել, որ  ահաբեկիչը կարող էր հարել որևէ ծայրահեղական խմբավորման` չնայած, որ այս վարկածը դեռևս չի հաստատվել: