Բրյուսելում ահաբեկչությունների հետևանքով կորուստները մոտ 1 միլիարդ եվրո են կազմել

12:44 • 26.07.16

Բրյուսելում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչություններից բելգիական տնտեսության կորուստները մոտ 1 միլիարդ եվրո են կազմել: Այդ մասին հայտնել է թագավորության էկոնոմիկայի նախարարությունը՝ վկայակոչելով հատուկ պատրաստված հետազոտությունը, հայտնում է ТАСС-ը:

 

«Ահաբեկչությունների հետևանքով Բրյուսելի դաշնային շրջանում այս տարվա առաջին եռամսյակում մասնավոր ընկերությունների եկամուտները կրճատվել են 122,5 միլիոն եվրոյով, Վալոնիայում՝ 20 միլիոն եվրոյով, Ֆլանդրիայում՝ 33 միլիոն եվրոյով»,- նշված է զեկույցում:

 

Պետական բյուջեին հասցված վնասը գնահատվում է 760 միլիոն եվրո: Այդկերպ՝ առաջին եռամսյակում ընդհանուր կորուստները կազմել են 935,2 միլիոն եվրո:

 

Առավել շատ տուժել է հյուրանոցային, ռեստորանային և զբոսաշրջային բիզնեսը, ինչպես նաև զվարճանքների ոլորտը, առաջին հերթին՝ զանգվածային միջոցառումների՝ համերգների և սպորտային մրցույթների կազմակերպման դաշտում: