Ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում ՀՀ միջազգային վարկանիշի վրա․ Դենիս Դվորնիկովը Խորենացիի իրադարձությունների մասին
Tert.am-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը խոսել է այն մասին, թե ինչ ազդեցություն կունենան Խորենացի փողոցում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի միջազգային վարկանիշի վրա:
«Կարևոր է, որ Հայաստանի ներքին կյանքում ստեղծված իրավիճակը չպառակտի հայ հասարակությանը. մնացած ամեն ինչը երկրորդական է։ Թե ինչ է մտածում այդ մասին ռուս լրագրողը կամ միջազգային հանրությունը, կարևոր չէ, կարևորը հայ հասարակության մեջ թշնամություն չլինի»,-ասաց նա։
«Բոլորը պայքարում են հանուն մի բանի, բոլորը նույն նպատակն ունեն՝ դա ուժեղ Հայաստանն է, Արցախի տարածքային անվտանգության պահպանումը: Բոլորը նույն բանն են ցանկանում, բայց չգիտես ինչու պառակտում է առաջանում: Դա՛ թույլ տալ պետք չէ»,- ասաց նա:
Ըստ ռուս հրապարակախոսի՝ հիմա կարևոր է, որ բոլոր խնդիրները լուծվեն բանակցությունների շնորհիվ:
«Իհարկե ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա: Ցավոք սրտի, կորցրեցիք հնարավորությունը համարվելու խաղաղ, հանգիստ պետություն՝ Թուրքիայում տեղի ունեցողի ֆոնին: Ցավոք սրտի, համընկավ՝ և՛ Թուրքիայում, և՛ Հայաստանում ճգնաժամ սկսվեց, և սա, իհարկե, Հայաստանի համար պետք է ցավալի լինի»,- նկատեց ռուս հրապարակախոսը:
Հարցին, թե Հայաստանի ներքաղաքական կյանքի զարգացումները կազդե՞ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա, հնարավո՞ր է, որ այդ իրադարձությունների զուգահեռ, ԼՂ-ի հարցի կարգավորման շուրջ լինեն պայմանավորվածություններ, որոնք ի շահ Հայաստանի չեն լինի, Դենիս Դվորնիկովը պատասխանեց. «Գլխավոր դերը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ունի հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Թե ինչ են մտածում մնացած կողմերը, երկրորդական են: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ոչ մի երկիր չի կարող ոչինչ որոշել: Նրանք կարող են ասել ցանկացած բան, հայտարարել, վերլուծել, առաջարկել, նրանք կարող են նկարել իրենց քարտեզները, բայց առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, առանց այդ հանրապետության քաղաքացիների, ոչ ոք երբեք չի կարող ոչինչ որոշել»:










