ՀԷՑ-ը չպատասխանեց, թե ինչու է հոսանքազրկել Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը

15:52 • 26.07.16

Tert.am-ի հարցմանը, թե ինչու է հոսանքազրկվել Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից այդպես էլ հստակ չպատասխանեցին:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 25-ին, Tert.am-ը նախ հեռախոսով փորձեց մեկնաբանություն վերցրել ՀէՑ-ից, թե ինչու է հոսանքազրկվել Էրեբունու ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը, որն ինը օր առաջ գրավել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամները: Հեռախոսային զրույցի ընթացքում ՀԷՑ-ից խոստացան օրվա մեջ մեկնաբանել, հետո պահանջեցին, հարցումը գրավոր ուղարկել՝ խոստանալով, որ հենց նույն օրը կպատասխանեն:

Հիշեցնենք, որ երեկ «Սասնա ծռերի» համակարգող խորհրդի նախաձեռնող խումբն իր հայտարարությամբ բողոքել էր, որ արդեն քանի օր է՝ հոսանքազրկված է Էրեբունու ոստիկանության պարեկապահակետային գնդի շենքը:

ՀԷՑ-ին ուղղված հարցմամբ խնդրել էինք տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե ինչու է երեք օր հոսանքազրկված շենքը: Նաև հետաքրքրվել էինք, արդյո՞ք կվերականգնվի այն, եթե այո, ապա ե՞րբ, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ:

ՀԷՑ-ը հարցմանը պատասխանեց միայն մեկ օր հետո՝ ուղարկելով հետևյալ տեքստը.  «Ի պատասխան Ձեր 25.07.2016թ. հարցման, ինչպես Ձեր կողմից նշված, այնպես էլ ցանկացած այլ բաժանորդի պարագայում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բացառապես առաջնորդվում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով»:

Նկատենք, որ պատասխանի բովանդակությունն ընդհանրապես չի համապատասխանում մեր ուղարկած հարցերի բովանդակությանը: ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարաջյանը պարզաբանեց, որ իրենք այլ բան չեն ասելու, դա իրենց միակ ու պաշտոնական դիրքորոշումն է:

 Նկատենք նաև, որ ՀԷՑ հստակ չպատասխանելով հարցման մեջ ներառված հարցերին՝ խախտել է «Տեղեկատվության ազատության» օրենքը: