Բարդ շախմատ է. քաղաքագետը Խորենացի փողոցում ստեղծված իրավիճակի նկատմամբ միջազգային վերաբերմունքի մասին 

14:09 • 26.07.16

Շատ դժվար է մեկնաբանել ստեղծված իրադրությունը Հայաստանում, որպեսզի չբարդացնես իրավիճակը. «Աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներն ու դրանց դիմակայման Հայաստանի ներքին ռեսուրսները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» գործադիր տնօրեն, քաղաքագետ Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ խոսելով Երևանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրա նկատմամբ միջազգային վերաբերմունքի մասին:

Ըստ նրա՝ իրավիճակը կարելի է նկարագրել շախմատի լեզվով: «Դա բարդ շախմատն է, որտեղ յուրաքանչյուր խաղացող խաղում է բոլորի հետ տարբեր տախտակներում,- ասաց Գևորգ Տեր-Գաբրիելյանը,- Պուտինը խաղում է Սերժ Սարգսյանի, Ալիևի ու Արևմուտքի հետ, Ալիևը՝ Սերժ Սարգսյանի, Պուտինի հետ, Սերժ Սարգսյանը՝ Պուտինի, Ալիևի և Արևմուտքի: Պուտինը Ադրբեջանից մի բան է ուզում է, Ալիևն ասում է մի նվեր տուր, Պուտինը Սերժ Սարգսյանին է ասում Ղարաբաղի հարցով, Սերժ Սարգսյանն էլ Արևմուտքին է դիմում, որ Պուտինին ասի, թե չի կարող նվերը տալ»: 

Գևորգ Տեր -Գաբրիելյանը անդրադարձավ նաև Մարիա Զախարովայի հայտարարությանը, որով քննադատում էր ԵՄ պատվիրակությանը՝ «Հայաստանում անհանգստություններ ստեղծողներին աջակցելու համար»:

Նա նկատեց,որ Մարիա Զախարովան այստեղ այն մարդն է, այն երկրի շահերն է ներկայացնում, որը չի ցանկանում, որ խնդիր լուծվի, նա պարզապես ցանկանում է, որ խնդիրը մնա: