Իշխանությունը հետևողականորեն փորում է սեփական գերեզմանը, իսկ «Սասնա ծռերը» նրան օգնում է այդ հարցում. Հայկ Մարտիրոսյան
«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների հետևանքով Հայաստանի ներքաղաքական դաշտում փոփոխությունների, քաղաքական ուժերի և հասարակության միջև հարաբերությունների, Խորենացի փողոց դուրս եկած հասարակության պահանջի և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Սորբոնի համալսարանի դոկտոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստվում էին 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Կուսակցություններ էին բացվում, ներքին քարոզչություն կար: «Սասնա ծռերի» գործունեությունը որքանո՞վ փոխեց քաղաքական ուժերի խաղաքարտերը:
-Այն, իհարկե, առավել բարդացրեց իշխանությունների դրությունը: Հիմա հասարակությունում լարման շատ ավելի մեծ ռեսուրս կա կուտակված, իսկ կուսակցությունները ցույց տվեցին, որ իրենք չկան: Իրենց դեմքը ցույց տվեցին նաև իշխանական հոլովակներում նկարվող, այսպես կոչված, մտավորականները: Դաշտն ամայացած է, իսկ միակ ուժը՝ իշխող կուսակցությունը, խորապես ատված: Եթե իրերի նախկին դրությունում իշխանությունը պետք է լուրջ ջանքեր գործադրեր ընտրությունները կեղծելու համար, ապա հիմա նաև անզուսպ կերպով դիմելու է ռեպրեսիվ ապարատին: Երբ քո հանդեպ մեծանում է դժգոհության հորձանքը և դու ինտելեկտի պակաս ունես, սկսում ես արդեն բացահայտ, առանց ամոթի գործել այն, ինչ փորձում էիր տանելի հակակրանքի պայմաններում ինչ-որ ձևերով քողարկել: Իսկ հետո՝ հետո դու տապալվում ես, որովհետև դեռ ոչ ոք նման տրամաբանությամբ շատ երկար չի դիմացել:
-Քաղաքական ուժերը իշխանության հասնելու կամ իշխանությանը մոտենալու խնդիր ունեն, իսկ ի՞նչը փոխեց և ի՞նչ ազդեցություն է թողնում «Սասնա ծռերի» գործունեությունը իշխանության վրա և ի՞նչ փոփոխությունների կգնա իշխանությունը:
-Պետք է հասկանալ, որ խելք, ինտելեկտ և իմացություն կամ կա, կամ չկա: Եթե չկա, դու պարզապես անընդունակ ես ճիշտ գնահատելու իրավիճակը և ճիշտ փոփոխություններ կատարելու: Ու քանի որ այստեղ չկա, ապա լավ բան սպասելն անիմաստ է: Իշխանությունը հետևողականորեն փորում է սեփական գերեզմանը և խիստ հետևողականորեն գնում է դեպի ինքնակործանման: «Սասնա ծռերը» նրան այդ հարցում միայն օգնում է:
-Հուլիսի 17-ից հետո քաղաքական ուժեր-հասարակություն հարաբերություններում ի՞նչ արձանագրվեց:
- Լիակատար խզում, բացահայտում և փոխադարձ բացասում: Քաղաքական դաշտը սպառված է, վարկաբեկված և ոչնչացված: Իրականում, Հայաստանում կոմունիստական մոդելի միակուսակցապետական համակարգ է գործում: Կոմերիտմիության ավանդույթներն այս ղեկավարության պայմաններում չէին կարող չշարունակվել այստեղ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, հուլիսի 17-ին նախորդող օրերում սոցիալական և այլ հարթակներում դժգոհություն կար, որ Խորենացի փողոցում հավաքված մարդկանց ղեկավարող ուժ կամ առաջնորդ չկա: Նիկոլ Փաշինյանն արեց նման փորձեր, սակայն հասարակությունը ոչ ոքի չընդունեց, ԲՀԿ-ական պատգամավորներին ասացին` գնացեք, Փաշինյանը մի քանի անգամ գնաց ու եկավ: Ի վերջո, ի՞նչ է ուրվագծվում այսքանից հետո հասարակության պահանջում:
-Դժվարանում եմ ասել: Եթե մաղվեն և հրապարակից հեռացվեն այն ուժերը, որոնք որոշ հետևողներ ունեն, ապա առանց այդ էլ ոչ բազմամարդ փողոցն ավելի կդատարկվի: ԲՀԿ-ն, իհարկե, եթե այն դեռ գոյություն ունի, չպետք է տեղ ունենա որևէ հրապարակում: Բայց Փաշինյանը, գոնե այս պահին, մասսայականություն ունի և թեև կուսակցական օրակարգով, բայց այնուամենայնիվ սակավամարդ հրապարակում հոսք էր ապահովում: Ակնհայտորեն, ժողովուրդը լիովին մերժում է այս իշխանությանը, բայց և փողոց դուրս չի գալիս՝ սեփական ձայնը բարձրացնելու առայժմ: Այս պայմաններում մեկտեղել բոլոր ուժերին՝ կարող է նշանակել հրապարակները դատարկ պահել: Քաղաքագետներն, իրենց հերթին, չեն կարող լցնել այն վակուումը, որ կա: Քաղաքագետներ, թե քաղաքական հայտնի գործիչներ՝ եթե մարդիկ տանն են ու այդ ամենին հետևում են համակարգչով՝ նշանակում է նրանց պահանջներն էլ իրենց ննջարաններից են հնչելու, և ոչ ոք չի կարողանալու նրանց այնտեղից դուրս բերել:
-Ինչպե՞ս և որքանո՞վ փորձեցին ստեղծված իրավիճակը ծառայեցնել կամ չծառայեցնել սեփական շահերին քաղաքական գործիչները, և գրանցվեցի՞ն արդյոք չստացված մոտիվացիաներ:
-Բոլոր քաղաքական ուժերն էլ ուղղորդվում են շահերով: Խնդիրն այստեղ այն է, թե որքանո՞վ է այդ շահերում առկա ազգային, ժողովրդական շահը: Խորենացիում հնչում է ժողովրդի բողոքի շահը, բայց քաղաքական ուժերը բացակայում են: Ինչպես արդեն ասացի՝ նրանք բացակայում են ամենուր: Երբ ժողովուրդն ընդամենը փողոց է դուրս գալիս և իր պահանջները ներկայացնում՝ իրական փոփոխությունները դառնում են հնարավոր: Քաղաքական ուժերն այդ պարագայում հետևում են ժողովրդին և ոչ թե օրակարգեր առաջադրում: Հայաստանում այսօր նման իրավիճակ չկա: Գուցե առաջանա, բայց այսօր այն ուղղակի չկա:
Բեթղեհեմ Արաբյան










